Կարծիք

29.11.2010 09:39


Շվեյցարիայից Աստանա' մեկ քայլ

Շվեյցարիայից Աստանա' մեկ քայլ

«Նման հարցերը հեշտությամբ չեն լուծվում, սակայն մենք վճռական ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները կյանքի կոչելու հարցում եւ շարունակում ենք մեր անկեղծ ջանքերը Կովկասում հարատեւ եւ համապարփակ խաղաղության հաստատման համար։ Այն կետում, որում այսօր մենք հանգրվանել ենք, կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի հաջող եզրափակման համար հարգարժան Սարգսյանը համարձակորեն կշարունակի պահպանել մինչեւ օրս ցուցադրած իր առաջնորդի եւ պետական գործչի գործելաոճը»:

Սա մի հատված է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի' Շվեյցարիայի խորհրդարանում օրերս ունեցած ելույթից, որից դժվար չէ եզրակացնել, որ հայ-թուրքական արձանագությունները կյանքի կոչելու հարցում միջազգային հանրությունը սպասելիքներ ունի ոչ միայն Հայաստանից, այլև Թուրքիայից: Հարցն, ըստ մեզ, այսպես է դրված' եթե Հայաստանը կասեցրել է արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա պետք է հասկանալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում ի հայտ են եկել խոչընդոտներ: Անհաղթահարելի՞ են, արդյոք դրանք, եւ ի՞նչ է անում Թուրքիան, հարթելու անհամաձայնությունները:

Գյուլը, մեր կարծիքով, գտել է հարցից խուսափելու իր համար լավագույն տարբերակը' մեղքը պաշտոնական Երևանի, որ նույնն է' ՀՀ նախագահի վրա բարդելը: Եվ մենք դարձյալ խնդիրներ ունենք:

Երկուստեք չվավերացված արձանագրությունները, ինչպես տեսնում ենք, շարունակում են Թուրքիայի ձեռքին իբրև գործիք մնալ' Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար: Ինչո՞ւ չձերբազատվել դրանցից, ինչո՞ւ թույլ տալ, որ Թուրքիայի նախագահը դրանց հիշատակմամբ չեզոքացնի վարչապետ Էրդողանի' Լիբանան կատարած այցի դեմ բողոքի մեծ ակցիայի ազդեցությունը, ինչու թույլ տալ, որ Աստանայում կայանալիք գագաթաժողովի նախօրյակին թուլանան Հայաստանի դիրքերը:

Սերժ Սարգսյանը, անձամբ չմասնակցելով ՆԱՏՕ-ի' Փարիզում կայացած հավաքին, որտեղ պետք է բանաձև ընդունվեր նաև ԼՂՀ հարցի կարգավորման հյուսիսատլանտյան երկրների տեսլականի վերաբերյալ, այդ երկրների ղեկավարներին եւ նրանց հետ նկարվելու ցանկությունից հալումաշ լինող բոլոր մանրումիջիններին հասկացնել տվեց, որ ա) Հայաստանը չի ընդունում ԼՂՀ հարցի կարգավորման ՆԱՏՕ-ական տեսակետը եւ պատրաստ չէ կատարել դրանից բխող քայլեր եւ բ) Հայաստանը չի պատրաստվում, ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թատրոնում, ԼՂՀ հարցի կարգավորման ուղղությամբ էլ կատարել այն ամենը, ինչ իրեն կասեն: Ոչ մի տարակույս չկա այն հարցում, որ ՀՀ նախագահի այս քայլը պետք է շարունակություն ունենար, որ սրան պետք է հաջորդեր Հայաստանի հայտարարությունը' հայ-թուրքական արձանագրությունների տակից հայկական կողմի ստորագրությունը հետ կանչելու մասին, քանզի Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, իր ստորագրությունն է դրել ԼՂՀ հարցի կարգավորման մեզ համար անընդունելի բանաձևի տակ' դրանով իսկ դեմ գնալով Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու իր ստանձնած պարտավորությանը:

Իրադարձությունների այսպիսի ընթացքի դեպքում, Թուրքիայի նախագահին Շվեյցարիայի խորհրդարանում, պարզ է, կդիմեին միանգամայն այլ հարցերով, եւ նա իր քաղցրմեղցր ռևերանսներով չէր կարողանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման մեղքը բարդել հայկական կողմի վրա ու մի բան էլ հույս հայտնել, թե Սերժ Սարգսյանը դեռևս շանս ունի ճիշտ ճանապարհի վրա կանգնելու: Մինչդեռ, միջազգային հանրության աչքի առաջ, նույն օրերին Թուրքիային ճիշտ ճանապարհին կանգնելու հրամայական էր հնչեցնում լիբանանահայ գաղութը, որ իր բազմահազարանոց բողոքի ցույցով ողջ Բեյրութն էր տակնուվրա արել Էրդողանի լիբանանյան այցի կապակցությամբ:

Հրաժարվելով առավել ուժեղ քայլից' Սերժ Սարգսյանը, փաստորեն, չկարողացավ, կամ գուցե չցանկացավ, շարունակական շղթայի մեջ պահել Հայաստան-Սփյուռք-Հայ Դատ հզոր եռամիասնությունը, որ նրա հենարանը կարող էր լինել թե Փարիզում, թե Աստանայում եւ թե բուն Հայաստանում ու Արցախում:

Քանի դեռ մեր նշած շղթայում կգտնվի մի թույլ օղակ, Թուրքիայի ղեկավարները, ովքեր էլ լինեն, ծամոնի նման ձգելու են Կովկասում հարատև խաղաղության համար իրենց գործադրած ջանքերի մասին առասպելը: Ռուս-վրացական պատերազմից հետո, սակայն, եթե մենք կույր չենք, պետք է տեսնենք, որ կովկասյան տարածաշրջանում ոչ մի ուրիշ զբաղմունք չգտնող Թուրքիան իր այդ «առաքելությունը» փորձում է շաղկապել հայ-թուրքական արձանագրությունների առկայության փաստի եւ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացի հետ: Լուռ, համր, չխոսկան' ինչ անուն ասես' կհնարեն իրենց վարած քաղաքականությունն արդարացնելու համար: Ու, այ քեզ ցավ, հենց Հայաստանն է օգնում Թուրքիային այդ հարցում:

Միանգամայն ճիշտ են այն քաղաքական ուժերը, որ ՀՀ նախագահին արդեն որքան ժամանակ է հորդորում են հայ-թուրքական արձանագրությունների տակից հետ վերցնել ՀՀ ստորագրությունը: Նրանք դեռ իրավացի էին այն ժամանակ, երբ ասում էին, որ պետք չէ նման փաստաթղթեր ստորագրել, որ դա ճնշումների ազդեցությամբ արվող քայլ է: Նախագահին «սատարող» եւ «փողոցից քարկոծող» ուժերը, սակայն, իրենց երեխայական պահվածքով, մի կողմից խորիմաստ նախաձեռնություն, իսկ մյուս կողմից' չստորագրելը մեծագույն սխալ էին որակում' մեզնից անկախ, մեր շուրջը եւ մեր մասնակցությամբ տեղի ունեցող այդ ներկայացումը: Արդյունքը սա էր լինելու, որովհետև հայ-թուրքական սահմանի փակման օրերի վարչապետները, Սերժ Սարգսյանին ոգևորելուց զատ, նաև հույս էին ներշնչում, թե Թուրքիան փոխվել է, թե պատրաստ է բացել իր ձեռքով փակված սահմանը: Հարցնում ենք հենց նրանց' պարոնայք նախկին վարչապետներ, ինչո՞ւ Հայաստանը արձանագրությունների տակից հետ չի վերցնում իր ստորագրությունը: Դժվար է, չէ՞ պետության համար մի քայլ անելը եւ այդ քայլի համար զղջալը: Ճիշտ նույն իրավիճակում է Թուրքիան: Փակել է սահմանը եւ չի կարողանում առանց նախապայմանի բացել այն, որովհետև անելանելի վիճակում է հայտնվելու ոչ միայն իր ժողովրդի այլև մերձավորի' Ադրբեջանի առաջ: Ավելին' Թուրքիան ողջ աշխարհի առաջ բաց հետույքով կհայտնվի, եթե չվերացվեն սահմանը փակելու պատճառները: Իսկ դուք, հարգելի նախկին վարչապետներ, մեզնից ավելի լավ գիտեք, թե որոնք են այդ պատճառները, եւ այսօրվա Հայաստանն ու Արցախը ինչ պետք է անեն, որ դրանք վերանան:

Էդիկ Անդրեասյան

Հ.Գ. Որ Սերժ Սարգսյանը Գյուլի համար հարգարժան Սարգսյան է, դա լավ է: Լավ է առաջին հերթին մեզ համար: Դա հրաշալի նախադեպ է ու նաև պատճառ' այսուհետ Գյուլին Ձերդ գերազանցություն չասելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը