Կարծիք

18.12.2014 10:26


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԵՆ ՀՐՃՎԵԼ «ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ»

Արևմտյան պատժամիջոցների ազդեցությունից ռուսական տնտեսության անկայուն վիճակն ակնհայտորեն հարվածել է նաև մեր երկրին, որի ամենացայտուն դրսևորումներն են դրամի արժեզրկումը, մասնավոր տրանսֆերտների պակասելն ու առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումները:
Տարօրինակն այն է, որ Բաղրամյան 26-ի ենթակայության տակ գործող «արևմտամետները» հորթի հրճվանքով ողողել են լրատվական դաշտն ու համացանցը, թե՝ ԵԱՏՄ էիք ուզում, տեսեք, թե ինչ եղավ մեր երկրի հետ՝ դեռ չմտած։ Ի դեպ, չորրորդ դասարանի երեխային էլ է հասկանալի, որ ՀՀ–ն ԵՏՄ մտներ–չմտներ՝ ռուսական շուկայի այս ազդեցությունը մենք զգալու էինք, քանզի մեր քաղաքացիների մեծ մասն այնտեղ է իր եկամուտը ստանում, ու, բնականաբար, մենք չէինք կարող չզգալ ռուսական տնտեսական անկումը:

«Արևմտամետների» ոգևորությունից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե Հայաստանն է անդամակցում ԵԱՏՄ-ին, այլ միայն ռուսամետների մասնաբաժինը. կարծես մենակ մենք ենք տուժելու, իսկ իրենք քաղաքական «բայղուշի» պատվավոր կոչումով բավարարված՝ հաղթանակած են դուրս գալու այս վիճակից: Իսկ սա արվում է մի չարչրկված պատճառով՝ որ անգամ այս դրամատիկ իրավիճակում փորձեն հավասարության նշան դնել իշխանությունների ու ընդդիմության միջև, ու եզրակացնեն, թե Սերժ Սարգսյանին էլ ի՞նչ իմաստ ունի փոխել, եթե հավակնորդներն էլ են ԵԱՏՄ-ի անդամակցությանը կողմնակից:

Հարկ է մեկ անգամ ևս հիշեցնել, որ ԵԱՏՄ մտնելու հետ կապված «ոսկե սարեր» մեր հանրությանը իշխանություններն են խոստացել, իսկ համաժողովրդական շարժման լիդերներն ընդամենը փաստել են, որ իշխանությունների այդ անխոհեմ ու հապշտապ քայլից հետո կտրուկ շրջադարձ կատարելը կարող է վտանգավոր լինել մեր երկրի համար՝ հաշվի առնելով ՌԴ-ի զգալի ազդեցությունը մեր երկրի վրա թե՛ ռազմաքաղաքական ու թե՛ տնտեսական առումներով: Իսկ հիմա, երբ նախագահականի արևմտամետներն ասում են, թե տեսեք՝ ինչ է կատարվում Ռուսաստանում, դա ո՞ւմ են ասում:

Եթե վիճակը վատ է, ապա դրա մեղավորը մեր իշխանություններն են, իսկ ընդդիմության մատնանշած վտանգները հո չե՞ն փարատվել: Մտահոգություն էր հայտնվում, որ անհավասարակշիռ պահվածքի դեպքում կարող ենք վտանգել Արցախն ու քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը: Ի՞նչ է՝ ռուբլու արժեզրկման պատճառով ՌԴ-ն արդեն հրաժարվե՞լ է Մերձդնեստրի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ իր հավակնություններից, Ղրիմն Ուկրաինայի՞ն է վերադարձրել, Կուրիլյան վիճահարույց կղզիների վարչական շենքերի վրա արդեն ճապոնակա՞ն դրոշներն են ծածանվում: Իսկ գուցե Ռուսաստանն այլևս անկայունություն չի՞ հրահրում Ուկրաինայի արևելքում, կամ արդեն գահընկե՞ց է արվել Սիրիայի նախագահ, Ռուսաստանի հովանավորյալ Բաշար Ասադը:

Ցավոք, մինչ օրս չունենք կազմակերպված ու հստակ ծրագիր ներկայացնող արևմտամետների քաղաքական թիմ, որպեսզի իրավիճակի ցանկացած փոփոխության պարագայում մեր երկիրն այլընտրանք ունենա:
Նախագահականի ենթակա օրավարձով աշխատող վերլուծաբանների ճղճղոցներին ըմբռնումով եմ մոտենում. դա չանեն՝ կզրկվեն իրենց օրապահիկից, բայց որտե՞ղ են մեր գաղափարական արևմտամետները, ինչո՞ւ ծրագիր չեն առաջարկում ու ժողովրդին այդ գաղափարի շուրջ համախմբում, կամ գոնե նախապատրաստում հավանական զարգացումներին:

Ուշ թե շուտ, կգա մի պահ, երբ Սերժ Սարգսյանը կհեռանա, մի օր կարթնանաք ու կտեսնենք, որ նա լքել է ձեզ, ու բնական է, որ մեր երկիրն անտեր չի մնալու. տեր կանգնող ուժեր հաստատ կգտնվեն, ուղղակի մեր պետպատվերով աշխատող «արևմտամետները» կարող է՝ անտեր մնան, և դրա մասին հիմա պետք է մտածեն. հետո ուշ կլինի: Թեև, մեծ հաշվով, նրանց ապագան, ամեն դեպքում, մշուշոտ է, բայց դա արդեն իրենց խնդիրն է։ Մեր ժողովրդին լրիվ այլ բան է հետաքրքրում։

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203529912470950

Այս խորագրի վերջին նյութերը