Կարծիք

17.12.2014 15:26


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Դաշնակները երեկ արժեզրկվեցին ՀՀ դրամից սրընթաց

Երեկ խորհրդարանի մեծամասնությունը ու նրան կցված փոքրամասնությունը՝ ՀՅԴ-ն, վերջին օրերի կատարվածը դատապարտող հայտարարություն ընդունեցին: Դատապարտեցին Սերժ Սարգսյանին հայհոյող պատգամավորին ու ազատամարտիկներին և պաշտպանեցին թալինցի չհաջողված խոպանչու արժանապատվությունը, որը խոցվել էր Ռուսաստանում թուրք-ադրբեջանական հանդիմանողների կողմից, շատ էր խոցվել: Բայց հայտարարությունը դեռ ոչինչ. փաստորեն, երեկ իշխանական պատգամավորները ծափահարեցին Սեյրան Սարոյանին, որն իր էկզոտիկ ելույթով բացատրում էր, թե ով իրավունք ունի անպատիժ հայհոյելու, իսկ ով՝ ոչ, այլապես «խոպանչու դատաստանագրքով» կդատապարտվի ապտակի: Ու այս խայտառակության ակտիվ մասնակից էին երեկ նաև դաշնակցական պատգամավորները:

Դաշնակները սխալներ ունեցել են ու ամոթալի բան էլի էին արել, բայց 21-րդ դարում ՀՅԴ-ի ամենամեծ խայտառակությունը Սեյրան Սարոյանի հետ համակարծիք լինելն էր: Եվ մի տեսակ կասկած է ընկել մեջս, որ նրանք դեռ էլի տեղ ունեն գլորվելու, ու սա դեռ ամենը չէ:

Դե ինչ, իշխանությունը մեզ ձեռնոց նետեց, ասաց, որ ստեղծվում է նախադեպ. նա, ով կհայհոյի Սերժ Սարգսյանին, ով ուզում է լինի՝ կպատժվի: Այսինքն, ամենահամեստ հաշվարկներով, հաշվի առնելով նաև, որ մեր հասարակության որոշ մասը ոչ մի պարագայում չի հայհոյում, էլի կստացվի, որ մեր երկրում «վերջին բոշևիկին» հայհոյողները կլինեն չափահաս բնակչության մոտ 95 տոկոսը: Հիմա թողնելու ենք, որ մեզ պատժե՞ն: Դրա համար էին ակնարկո՞ւմ, թե Հայաստանում նույնքան բնակիչ կա, որքան խոպանչի Ռուսաստանում, ու ամեն մեկիս մի խոպանչի կարող է բաժին հասնել:

Երբ մեկի հանդեպ իշխանությունները բռնություն են գործադրում, որքան էլ ցավում ենք դրա համար, բայց մի տեսակ հայկական շուստրիության լոգիկայով առաջնորդվելով՝ ուրախանում ենք, որ մենք տուժողից ավելի հաջողակ դուրս եկանք, քանի որ մեզ հետ չեն նման կերպ վարվել, բարեբախտաբար: Մինչդեռ, աշխարհում նման աննախանձելի պահեր շատ երկրներում են եղել, ու դրանից լուրջ հետևություն անելու կարիք ունենք, որպեսզի մենք էլ չսխալվենք: Չէ՞ որ աշխարհի փորձն ասում է, որ դրանից չպետք է ուրախանալ, այլ հարկավոր է հասկանալ, որ հաջորդ տուժողը դու ես, կամ առնվազն՝ կարող ես դու լինել:

Գերմանիայում նացիզմի ամենահայտնի հակառակորդներից մեկը՝ Մարտին Հիմելերը, որը նաև իր սեփական մաշկի վրա էր զգացել ֆաշիզմի հանցավոր էությունը, համակենտրոնացման ճամբարում դաժան տարիներ անցկացրել, ժամանակին ասել է. «Երբ նացիստները եկան կոմունիստների հետևից, ես լռեցի. ես հո կոմունիստ չեմ: Հետո նրանք եկան սոցիալ-դեմոկրատների հետևից, ես դարձյալ լռեցի. ես սոցիալ-դեմոկրատ էլ չեմ: Հետո եկան արհմիութենական գործիչների հետևից, ես լռեցի. ախր, ես արհմիության անդամ չեմ: Հետո նրանք եկան հրեաների հետևից, ես դարձյալ լռեցի, քանի որ հրեա չեմ: Իսկ երբ նրանք եկան իմ հետևից, այլևս ոչ ոք չկար, որ դրա դեմ բողոքեր»:

Այո՛, սիրելի հարենակիցներ, կարող են գալ բոլորի հետևից ու պաշտպանող չի լինի, եթե սա մարսենք։

Եթե մեր հաջորդ քայլը համախմբված կերպով իշխանափոխության համար պայքարը չէ, ապա հաջորդը մենք են լինելու, ավելի լավ է՝ սուսուփուս նախապատրաստվենք ու չմոռանանք ձեռի հետ էլ բողոքել հայի բախտից:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1514384112166704&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը