Կարծիք

17.12.2014 14:48


Ի՞նչ հայտարարությամբ պետք է հանդես գա Սերժ Սարգսյանը

Ի՞նչ հայտարարությամբ պետք է հանդես գա Սերժ Սարգսյանը

Երբ մենք` Հայաստանի բնակիչները, սկսում ենք մտածել, որ իշխանությունների պահվածքն ու արձագանքը երկրում տիրող սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին չի կարող էլ ավելի վատ լինել, Էդուարդ Շարմազանովը շտապում է ապացուցել, որ դա մեզ ընդամենը թվում է:

Ուրեմն, կայքերից մեկի լրագրողի դիտարկմանն էն բանի մասին, որ չնայած վերջին օրերի ահագնացող չափերի հասնող գնաճին և իրավիճակն ավելի վատթարանալու կանխատեսումներին՝ Սերժ Սարգսյանը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, Շարմազանովը հայտարարել է, որ ամեն հարցով չէ, որ պետք է նախագահը հանդես գա, և որ էդ հարցին անդրադարձել է նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով «երկրի վերջին պաշտոնյան չէ»:

Փաստորեն, ըստ Շարմազանովի, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, խայտառակ ինֆլյացիան և այլն պետք է մեկնաբանի «նախավերջին մարդը», այլ ոչ թե առաջին դեմքերը: Բա էդ դեպքում երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձը և «իշխող մեծամասնության» ղեկավարը ինչո՞վ պետք է զբաղվի, եթե ոչ էդ նույն «իշխող մեծամասնության» կողմից իրականացվող խայտառակ քաղաքականության արդյունքները մեկնաբանելով:

Թե՞ երկրի նախագահի աթոռին հայտնված անձը, ըստ Շարմազանովի, պետք է զբաղվի միայն էս-էն երկրի նախագահներին և վարչապետներին շնորհավորական կամ ցավակցական բացիկներ և նամակներ ուղարկելով, ընտրությունների ժամանակ «տոկոս խփելով», «եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» հայտարարություններ անելով, եղբոր և սեփական գրպանները լցնելով, երկրի ստրատեգիկ օբյեկտները վաճառելով, սուրիկխաչատրյաններին մարզպետ նշանակելով, ինքնաասուլիսներ կազմակերպելով, քաղաքական դաշտը ամայացնելով և երկրում ամենաթողության մթնոլորտ ձևավորելով, ազատամարտիկներին և ընդհանրապես սեփական ժողովրդին արհամարհելով և այլն: Սրանո՞վ պետք է զբաղվի նախագահի աթոռին հայտնված անձը: Բնականաբար, ոչ, և ցանկացած նորմալ երկրում նման տնտեսական ճգնաժամի ժամանակ երկրի նախագահը կամ վարչապետը (նայած՝ ով է համարվում երկրի առաջին դեմքը ըստ Սահմանադրության) պետք է ճգնաժամի առաջին իսկ օրերից հանդես գա հայտարարությամբ:

Բայց դե, սա նորմալ երկրներում է: Իսկ մեր երկրում ի՞նչ հայտարարությամբ պետք է հանդես գա Սերժ Սարգսյանը: Պետք է խոստովանի՞, որ իր և իր կուսակցության ապաշնորհ քաղաքականության արդյունքում ենք մենք հայտնվել էս խայտառակ իրավիճակում: Սա՞ պետք է ասի: Բնականաբար, ո՛չ: Դրա համար էլ Շարմազանովը սենց անհեթեթ հայտարարություններով է հանդես գալիս:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը