Լրահոս

16.12.2014 19:34


Քննարկվել են հայ-վիետնամական հարաբերությունները

Քննարկվել են հայ-վիետնամական հարաբերությունները

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վիետնամի Հո Չի Մին քաղաքի ժողովրդական կոմիտեի քարտուղարի հետ
Դեկտեմբերի 16-ին Վիետնամի Հո Չի Մին քաղաքի ժողովրդական կոմիտեի քարտուղար (քաղաքապետ) Լե Հոանգ Քուանն ընդունեց Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին:
Ընդգծելով Հայաստանի և Վիետնամի միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները` կողմերը քննարկեցին երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Երևանի ու ՀՀ այլ քաղաքների և Վիետնամի ամենախոշոր քաղաք և տնտեսական կենտրոն համարվող Հո Չի Մինի միջև համագործակցության հնարավորությունները առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային-հումանիտար, կրթության ոլորտներում: Շեշտվեց համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Լե Հոանգ Քուանին հանդիպման հնարավորության համար և փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Երևան այցելելու հրավերը: ՀՀ քաղաքների և Հո Չի Մինի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, ինչպես նաև քաղաքային կենսագործունեության տարբեր ոլորտներում համագործակցության ձևավորման համար կարևորվեց փոխայցելությունների հաճախակիացումը:
Լե Հոանգ Քուանն իր հերթին երախտիքի խոսքեր ուղղեց հայ ժողովրդին՝ նշելով, որ քաղաքն իր ներկայիս զարգացվածության մակարդակի համար էապես պարտական է նախկինում, այդ թվում` Հայաստանից, ստացված օգնությանը: Հոանգ Քուանը դեսպան Վարդանյանին ներկայացրեց վերջին տարիներին քաղաքի ունեցած ձեռքբերումները՝ վստահություն հայտնելով, որ կողմերը կկարողանան արդյունավետ համագործակցել, հատկապես արդյունաբերության, քաղաքաշինության և առողջապահության ոլորտներում՝ առաջարկելով կազմակերպել հայ գործարարների այց Հո Չի Մին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետևողական քայլեր իրականացնել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը