Լրահոս

16.12.2014 15:12


Մհեր Շահգելդյան. «Բոյկոտն այն ձևն է, որն ընտրվեց տվյալ իրավիճակում»

Մհեր Շահգելդյան. «Բոյկոտն այն ձևն է, որն ընտրվեց տվյալ իրավիճակում»

ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշել է, որ խորհրդարանի ոչիշխանական ուժերի բոյկոտը կապված է հստակ իրավիճակի հետ.

–Արամ Մանուկյանի դեպքում ես շեշտում եմ երկու տեսանկյունից՝ և՛ որպես մարդ, և՛ որպես պատգամավոր։ Բոյկոտն այն ձևն է, որն ընտրվեց տվյալ իրավիճակում, – նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ակնկալիք կար, որ Ազգային ժողովը շատ արագ կարձագանքեր հենց սկզբից։

Շահգելդյանն անդրադարձել է նաև վարկերին և տնտեսական փաթեթին. «Գրեթե 300 մլն–ի նոր վարկեր են, և այս իրավիճակում, այս կոնյունկտուրայի, այս անորոշության պայմաններում վարկ վերցնել ևս 300 մլն դոլարի՝ միանգամից մեկ փաթեթով, մեզ համար ընդունելի չէ»։

Լրագրողներից մեկի հարցին, թե խորհրդարանում «քառյա՞կ» է ձևավորվում, բանախոսն ասել է, որ խոսքը տարբեր ուղղություններով համագործակցության մասին է։

Շահգելդյանի խոսքերով՝ նախկինում էլ՝ 12 կետերի ժամանակ, առկա էին համապատասխան նախաձեռնություններ. «Այս իրավիճակը, բռնարարքների իրավիճակը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված աշխատանքային խմբի ձևավորումը, որում այսօր ներկայացված են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, կարևորագույն ուղղություններ են. մենք համագործակցում ենք և շարունակելու ենք համագործակցել այն բոլոր ուղղություններով, որոնք կենսական նշանակություն ունեն այսօր մեր երկրի համար», – ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը