Լրահոս

16.12.2014 14:47


Նաիրա Զոհրաբյան. Վաղը ևս մեկ արտահերթ նիստ կնախաձեռնենք՝ անդրադառնալով դրամի կտրուկ անկմանը

Նաիրա Զոհրաբյան.  Վաղը ևս մեկ արտահերթ նիստ կնախաձեռնենք՝ անդրադառնալով դրամի կտրուկ անկմանը

ԱԺ 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց նախաձեռնած արտահերթ նիստին մտադիր էին հրավիրել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ով հայտարարել էր, թե «շան թուլի պես» կկտրի իր նախագահին բան ասողի ականջները։

–Վերջին բռնարարքներից և բացահայտ «բեսպրեդելից» հետո տարբեր ՀՀԿ–ական գործիչներ իրենց ենթակա մամուլում հայտարարում էին, թե սա բացարձակապես ձեռնտու չէ իշխանությանը, և նույնիսկ փորձում էին երրորդ, չորրորդ հետք գտնել։ Որևէ մեկը չէր խանգարում ՀՀԿ–ին՝ համաձայնել արտահերթ նիստ հրավիրելուն, այլ ոչ թե իր մշտական ոճին հավատարիմ մնալով՝ տապալեր այն։ Եթե հերթական անգամ իրենք փախնում են բաց, հրապարակային քննարկումներից, փաստերով խոսելուց, նշանակում է, որ չունեն ասելիք, իսկ այն խոսքերը, որ այս ամենը ձեռնտու չէ իշխանությանը, ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է Լ. Երանոսյանին ընդամենը «դաստիարակչական նկատողություն» տալով բավարարվելուն, Ն. Զոհրաբյանն ընդգծել է. «Սա մեկ բանի մասին է վկայում՝ որ իշխանությունը պատրաստ չէ մի բարձրաստիճան ոստիկանի հրաժարականը պահանջել, ով իրեն այսպիսի հայտարարություններ է թույլ տալիս»։

Ն. Զոհրաբյանը նաև հայտնել է, որ վաղը ևս մեկ արտահերթ նիստ կնախաձեռնեն՝ անդրադառնալով դրամի կտրուկ անկմանը։ Այս հարցը քննարկվել է նաև ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի այսօրվա աշխատանքային հանդիպմանը։

–Երկրում ստեղծված է խայտառակ ֆորսմաժորային իրավիճակ։ Մտադիր ենք ժողովրդին ամեն րոպե աղքատացման խայտառակ վիճակի մեջ գցող պատասխանատուներին հրավիրել ԱԺ և ստանալ յուրաքանչյուր քաղաքացուն հուզող հարցերի պատասխանը,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը