Կարծիք

16.12.2014 11:04


Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել

Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել

Բայց շատ հետաքրքիր իրավիճակ է տիրում մեր բազմաչարչար Հայաստանում: Երկրում մի այնպիսի ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, երբ դե ֆակտո փոխարժեք չկա, և հիպերինֆլյացիա է սպասվում, բայց իշխանությունները ոչ մի պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն գալիս. լռում ու լռում են: Լռում են և ոչ մի քայլ` իրավիճակը շտկելու համար, չեն ձեռնարկում: Դե բա, իհարկե, ճգնաժամային իրավիճակից դուրս գալը հո սրան-նրան շնորհավորական բացիկներ ուղարկելը չի: Ճգնաժամից դուրս գալու համար հարկավոր է ջանքեր գործադրել, կամք ցուցաբերել, սեփական ագահությունը զսպել: Բայց դե, եթե մեր իշխանություններն այսքանը հասկանային, մենք այսօրվա իրավիճակում չէինք հայտնվի:

Այս ամենի կապակցությամբ չես կարող չհիշել Ֆրանսիական հեղափոխության դասերը և այն ծանր տնտեսական իրավիճակը, որում հայտնվել էր լյուդովիկոսյան Ֆրանսիան: Սով, ինֆլյացիա, համատարած աղքատություն էր տիրում լյուդովիկոսյան Ֆրանսիայում: Բայց Լյուդովիկոսը էդպես էլ իր մեջ ուժ չի գտել քաղաքական կամք ցուցաբերել և փորձել շտկել իրավիճակը: Գործելու փոխարեն նա անընդհատ փորձում էր լռել և թողնել, որ ամեն ինչ իր հունով գնա: Դե, իսկ թե ինչ եղավ նման «ջայլամային վարքագծի» արդյունքում, բոլորս էլ գիտենք, և հարկ չկա նկարագրել, թե ինչպես դասավորվեց Լյուսովիկոսի բախտը: Ու թեև պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում, այնուամենայնիվ, հարկ է հիշել լյուդովիկոսյան Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ժան Նեկկերին, ով բազմիցս զգուշացնում էր Լյուդովիկոսին, որ եթե նա, իր կինը և հարազատները չզսպեն իրենց ճաշակները և շարունակեն նույն ոգևորվածությամբ պետական միջոցները ծախսել սեփական քմահաճույքների վրա, ապա ֆինանսական ճգնաժամն անխուսափելի է: Եվ ի՞նչ արեց Լյուդովիկոսը: Նա պարզապես հրաժարականի ուղարկեց Նեկկերին: Դե, իսկ քաղցած և գործազուրկ ժողովուրդն էլ Լյուդովիկոսին «ուղարկեց հրաժարականի», բայց արդեն իր՝ գրեթե բոլոր մեծ հեղափոխություններին բնորոշ ձևով:

Եվ չնայած այն հանգամանքին, որ խելացի մարդը պետք է որ պատմությունից դասեր քաղի, մեր իշխանությունները` ի դեմս Սերժ Սարգսյանի, կարծես թե էդպես էլ չեն հասկացել դա, և առաջնորդվում են հայտնի «молчи, за умного сойдешь» կարգախոսով, որը գուցե որոշ իրավիճակներում բավականին արդյունավետ է, բայց ոչ տվյալ պայմաններում:

Իշխանությունները պետք է հասկանան մի բան՝ աշխարհում սոված ու գործազուրկ մարդուց ավելի վտանգավոր բան չկա, և եթե սովի, աղքատության, գործազրկության, ֆինանսական ճգնաժամի դեմ չես պայքարում, և ադեկվատ քայլեր չես ձեռնարկում իրավիճակը շտկելու համար, ապա քո դեմ պայքարն անխուսափելի է: Եվ ավելի լավ է քաղաքական կամք ցուցաբերել, սեփական գոտիները ձգել և սեփական ախորժակները զսպել, քան արժանանալ Լյուդովիկոսի բախտին: Երրորդը տրված չէ:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը