Կարծիք

15.12.2014 15:07


Փնտրվում է «Նաիրիտ-օֆշոր» գծի տերը

Փնտրվում է «Նաիրիտ-օֆշոր» գծի տերը

Հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը գիտեն, թե ով է այս կամ այն համարի ուղևորափոխադրամիջոցի գծի կազմակերպիչը՝ գծի տերը։ Այսօր արդեն իրողություն է, որ առանց լուրջ հովանավորի՝ հնարավոր չէ ոչ միայն գիծ բացել, այլ նաև օգտվել այն նվազագույն բարիքներից, որոնք օրվա իշխանավորների մոտ ծիծաղ են առաջացնում։

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ «Նաիրիտ» ԳԱՄ-ը հայտնվել է խոշոր վարկառուների ցանկում՝ միևնույն ժամանակ, ամիսներ շարունակ չկարողանալով վճարել շարքային աշխատակիցների հասանելիք աշխատավարձը։

Այսօր արդեն պարզից էլ պարզ է, որ «Նաիրիտի» նման գործարանին որևէ բանկ կամ միջազգային վարկային կազմակերպություն չէր կարող նման լուրջ վարկեր տրամադրել, եթե չլիներ լուրջ երաշխավոր։ Նույնիսկ կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար երաշխավոր է պահանջվում։

Գործնականում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առանձին ծրագրերի վարկավորման համար լուրջ բանկերը բանակցություններ են վարում տվյալ պետության կառավարության հետ։ Հետևաբար, «Նաիրիտի» վարկավորումը կարող էր լինել բանակցությունների արդյունքում և երաշխավորի առկայության պարագայում։

Բնական է, որ «Նաիրիտն» ունեցել է լուրջ երաշխավոր՝ ի դեմս 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանի։ Ինչ խոսք, նա կարող էր երաշխավոր լինել «Նաիրիտին», քանզի այնտեղ աշխատում էր իր եղբայրը՝ իբրև կազմակերպիչ։ Փաստացի, ստացվել է մի իրավիճակ, որ ֆինանսական ներդրումների հոսքը աշխատել է, սակայն աշխատավորական կոլեկտիվը ոչ միայն չի ստացել աշխատավարձ, այլև դժվարանում է գտնել «Նաիրիտի» սեփականատիրոջը։

Սեփականատիրոջը գտնելու փնտրտուքը շարունակվում է։

Գծի տերերին գիտենք, բայց այս մի գծի տիրոջը դեռ փնտրում ենք…։

Գուցե օֆշորո՞ւմ է։

Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը