Կարծիք

15.12.2014 11:01


«Թասիբ» պահողները «քցվել են»

«Թասիբ» պահողները «քցվել են»

Ազատամարտիկների և ՀԱԿ կուսակցության անդամների վրա հարձակումներից հետո «եռյակը» հայտարարություն տարածեց, ըստ որի՝ նշված ողջամիտ ժամկետում հանցագործությունների չբացահայտման դեպքում ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրաժարականը դառնալու է համաժողովրդական շարժման կարևոր կետերից մեկը։

Դրանից հետո ՀՀ ոստիկանությունը շատ օպերատիվ գտավ ՀԱԿ անդամների վրա հարձակում կատարած անձանց։ Այսքան օպերատիվ և արագ մեր ոստիկանությունը դեռ չէր արձագանքել։

Պարզ է, որ Վովա Գասպարյանը Սերժ Սարգսյանին դեռևս անհրաժեշտ է, և դժվար թե այս փուլում Սարգսյանը ոստիկանապետին փուռը տա։ Քանի դեռ Բ26-ի համար սահմանադրական փոփոխությունների գաղափարն օրակարգային է մնում, Գասպարյանը դեռ «կշնչի» իր պաշտոնում։ Քավության նոխազ կդառնան լեռնանիստցի Պարգևները, Ռոմանները և «թունդ հայրենասեր» արշակսվազյանները։
Բոլոր նրանք, ովքեր մինչ այս անձանց՝ ոստիկանության կողմից բերման ենթարկվելը պատրաստ էին պահել Սարգսյանի «թասիբը», այժմ մի փոքր կմտածեն մինչ նման քայլի գնալը։ Դժվար՝ գտնվի մեկը, ով կցանկանա նման բան անել՝ իմանալով, որ «կռիշ չունի», կամ այն վստահելի չէ։ Փաստացի, դուրս է գալիս, որ «թասիբ» պահողները «քցվել են»։
Ոչ մի սթափ դատող մարդ չի ցանկանա հայտնվել ճաղերի հետևում։
Հարկ եղած դեպքում բռնությունների և հարձակումների նոր ալիքի վերսկսման պարագայում կզգացվի պատրաստակամ մարդկանց դեֆիցիտ։ Եկեք համաձայնենք, որ ազատությունը թանկ բան է։
Վերջերս Սերժ Սարգսյանն այցելել է նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. հուսանք՝ Բաղրամյան 26-ում այն աստիճան չեն բարոյալքվի, որ մարդկային այդ ռեսուրսն ի գործ դնեն։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը