Կարծիք

14.12.2014 14:13


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Սարգսյանի ու Ծառուկյանի տարբերությունները

Սերժ Սարգսյանը, տեսնելով, որ չի կարողանում կոտրել Համաժողովրդական շարժման կամքը, ու նրա մոտ ոչ մի կերպ չի ստացվում իր կողմը գրավել Գագիկ Ծառուկյանին, անցել է պարզունակ հնարքների, որի նպատակն է ամեն անգամ մի գործարարից հարցազրույց վերցնեն, ու նա էլ հայտարարի, որ եթե Ծառուկյանը ուզում է նախագահ դառնալ, ապա ինչո՞ւ իրենք էլ չեն կարող դառնալ, ի՞նչ տարբերություն: Դրանով փորձելով իրենց կարծիքով հավասարության նշան դնել իրենց ու ԲՀԿ առաջնորդի միջև ու այդ կերպ փոքրացնել նրա «տրամաչափը»:
Այդ դեպքում գուցե խոսենք տարբերությունների՞ մասին, թե ինչո՞ւ Ծառուկյանը կարող է նախագահ դառնալու հավակնություններ ունենալ, իսկ իրենք` ոչ:
Նախ. Գագիկ Ծառուկյանը գործարար չէ, այլ քաղաքական ուժի լիդեր, որը, եթե անգամ չխոսենք իշխանությունների ընտրախախտումներից, ապա պաշտոնապես երկրորդ քաղաքական ուժն է մեր երկրում, իսկ ընդդիմադիր դաշտում՝ առաջինը: Եվ նրա ղեկավարած կուսակցությունն այդ ձայները ստացել է չհամագործակցելով իշխանական ուժի ու նրա ղեկավարի հետ, ընդհակառակը՝ հակադրվելով: Իսկ հիմա այդ գործարարները թող համարձակվեն Սերժ Սարգսյանի որևէ ասածին հակադրվել, կամ գոնե ինչ որ մի պահ նրա առաջ չկռանալ, նոր միայն համեմատվեն Ծառուկյանի հետ:

Երկրորդ. ո՛չ ԲՀԿ առաջնորդը, ո՛չ էլ նրա կուսակիցները երբեք չեն ասել, որ Ծառուկյանն է Համաժողովրդական նոր շարժման առաջնորդը: Ընդհակառակը՝ Գագիկ Ծառուկյանը համեստորեն եկավ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին կանգնեց հարթակում, կարճ ելույթ ունեցավ ու ձայնը փոխանցեց հարթակի իր գործընկերներին: Նա իրեն այնպես պահեց, այնքան հարգալից իր գործընկերների հանդեպ, որ շատերի մոտ այն տպավորությունն էր, թե Ծառուկյանն է եկել միացել շարժմանը: Բայց դրանից հետո ժողովուրդն անհամբեր սպասում էր հոկտմբերի 24-ի հանրահավաքում նրա ելույթին, ու երբ Ծառուկանի բերանից հնչեց, որ ինքը հետ չի կանգնելու պայքարից ու այս պայքարի նպատակն իշխանափոխությունն է, դրանից հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը, պատկերավոր ասած, հերթ են կանգնում Ծառուկյանի դռան մոտ, որպեսզի հանդիպեն նրա հետ ու դրանով իսկ հայտարարեն շարժմանը միանալու իրենց պատրաստակամության մասին:

Այնքան շատ են ցանկացողները, որ Ծառուկյանը, խիստ զբաղվածության պատճառով, ֆիզիկապես ի վիճակի չէ բոլորի հետ անձամբ հանդիպել, և մի մասն էլ ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամների հետ են հանդիպում ու Համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարություն անում: Եվ անգամ այս պարագայում դեռ ոչ Ծառուկյանը, ոչ էլ նրա կուսակիցները չեն շտապում նշել, որ ԲՀԿ առաջնորդն է Համաժողովրդական շարժման առաջնորդը, այլ այդ մասին ասում է ժողովուրդը, քաղաքական ուժերն ու քաղաքացիական սեկտորի ակտիվ ներկայացուցիչները: Մինչդեռ Սերժ Սարգսյանն առավոտից երեկո, բոլոր առիթներով ու անառիթ, հիշեցնում է, որ ինքն է լիդերն ու, որ աթոռին էլ նստի, եթե պետք լինի սահմանադրությունն էլ կփոխի, որպեսզի դարձյալ ինքը մնա ղեկավար: Ու դրան զուգահեռ իր կուսակիցները զօրուգիշեր Սարգսյանի անունն են տալիս, որ նա ամենագետ է, ամենազոր ու իրենց անփոխարինելի առաջնորդն է՝ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից: Իսկ Ծառուկյանի հետ համեմատվողները, եթե երկրում իշխանափոխություն լինի ոչ թե ընդդիմություն կդառնան ու այսպես բլբուլ կտրած կխոսեն, այլ մի մասն օդանավակայանում է հերթ կանգնելու, որ շուտ ճողոպրի երկրից, որպեսզի ժողովուրդը նրանց ինքնադատաստանի չենթարկի, մի մասն էլ հերթ է կանգնելու Ծառուկյանի դռան առաջ, որպեսզի վերջինիս աջակցությունը հայցի ժողովրդի ինքնադատաստանից խուսափելու հարցում:

Եվ վերջապես. եթե Ծառուկյանի համակիր լրագրողները ի հակադրություն իշխանական այս խեղկատակության, հերթով չեն շրջում խաղատներով ու այնտեղի խաղամոլներից հարցազրույցներ վերցնում, թե եթե Սերժ Սարգսյանը կարող է նախագահ լինել, ապա մենք ինչո՞ւ չենք կարող, դա էլ խոսում է այն մասին, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, և թե՛ նրա թիմակիցներն ու համակիրները բավականին լուրջ են վերաբերում նախագահի ինստիտուտին: Բացի այդ՝ դրանով ցույց են տալիս Ծառուկյանի ու Սարգսյանի քարոզչամեքենաների մակարդակների շեշտակի տարբերությունը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1513102595628189&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը