Քաղաքական

13.12.2014 19:24


«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը

«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել են մի շարք բռնության դեպքեր՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, ազատամարտիկ-գրող Սուրեն Սարգսյանի, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ, նկատի ունենալով, որ բոլոր դեպքերում տուժող կողմ են հանդիսանում իշխանություններին ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ, որոնց թվում Արցախյան պատերազմում մեծ հեղինակություն վաստակած ազատամարտիկներ, իսկ իշխանության համապատասխան մարմնի ղեկավարները ցուցաբերում են անընդունելի եւ կատարվածին ոչ համարժեք պահվածք, «Ազատամարտիկների դաշինք»–ը հայտարարում է.

ա/ Դատապարտում է վերոհիշյալ բռնության դեպքերը

բ/ Պահանջում է սեղմ ժամկետում բացահայտել դրանք եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին

գ/ Պահանջում է նեքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Երանոսյանի անհապաղ պաշտոնանկությունը եւ օրենքի շրջանակներում նրան պատասխանատվության ենթարկելը՝ հիմք ընդունելով այն, որ Երանոսյանն իր հրապարակային ելույթներում փաստացի խոստովանել է իր մեղսակցությունը, եւ հովանավորչությունը կատարվածին:

Մենք թույլ չենք տա մեզ ներքաշել սադրանքների մեջ, քանզի հայրենիքը պաշտպանող ազատամարտիկների առաքելությունը պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանությունն է: Իսկ այն հանգամանքը, որ ո՛չ խաղաղության, ո՛չ հայրենիքի, ո՛չ պատերազմի իրավիճակում բռնության են ենթարկվում ազատամարտիկները, ցույց է տալիս, որ իշխանության ապաշնորհության, ոչ ճիշտ գործելակերպի պատճառով վտանգված է Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը:

Մեր համբերությունն անսպառ չէ, եւ դեպքերի նման շարունակությունը կստիպի մեզ ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ մեր հայրենքի պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանը։

«Ազատամարտիկների դաշինք»

Այս խորագրի վերջին նյութերը