Կարծիք

13.12.2014 00:12


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՀԵՍՏԱՊԵՏԸ–2

Վերջին օրերի արտառոց դեպքերից եթե երկուսի պարագայում դեռ չունենք բացահայտումներ՝ Արամ Մանուկյանի ու Սուրեն Սարգսյանի, ապա ազատամատիկներ Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի դեպքում կա բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի ինքնախոստովանական ցուցմունք-հոխորտանքն այն մասին, թե՝ ով Սերժ Սարգսյանին բան ուզենա ասելու, ինքը նրա ականջները շան թուլի պես կկտրի: Դրանով պարզորոշ բացահայտելով, որ ազատամարտիկների դեմ բռնության կիրառումը տեղի է ունեցել իր հանձնարարությամբ:

Հիմա յուրաքանչյուրն իրեն հարց պետք է տա՝ ո՞վ է մեղավոր, ո՞ւմ էր ձեռնտու, ի՞նչ է լինելու սրանից հետո: Բայց ամենից շատ ինքներս մեզ պետք է հարց տանք՝ այս ե՞րբ իջանք այս մակարդակին, ե՞րբ երկրում այն աստիճանի արժեզրկվեց իսկական կռվողի կերպարը, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ազատամարտիկներին ծեծի ենթարկելու հրաման տալուց հետո հիմա էլ ականջները կտրելով է սպառնում:

Այն, որ մեր հասարակությունը, մեղմ ասած, այնքան էլ չի վստահում ոստիկանությանը՝ նրան դիտարկելով որպես օրվա իշխանության «չագուչ», նորություն չէ: Բայց ոչ մի անգամ այսպես թատերականացված ձևով չեն փորձել ոստիկանից սրբի կերպար կերտել ու հասարակության մեջ արհեստական ձևով, եթե չասենք՝ բռնի կերպով, ոստիկանության հանդեպ վստահություն սերմանելու փորձեր արել, դրան զուգահեռ՝ այսպես լկտի ձևով, տղայական լեքսիկոնով հրապարակավ հանդես եկել ու անպատիժ մնացել:

Իսկ հիմա լրջագույն քննություն պետք է հանձնի առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանը, քանի որ գաղտնիք չէ՝ ոստիկանությունն իր ուղղակի ենթակայության տակ է, և միայն ձևականորեն է Կառավարությանն առընթեր: Եթե Սարգսյանը պաշտոնանկ չանի փոխոստիկանապետին, կնշանակի՝ նա քաջալերում է ինքնադատաստանը, այն էլ՝ պաշտոնյաների ձեռքով իրականացրած: Իսկ դրանով երկրում հիմք է դրվելու քաղաքացիական բախումների, հասարակական բոլոր մակարդակներում ինքնադատաստանների «շքերթի»: Եթե սա անպատիժ մնա, ստացվում է, որ Սարգսյանը հասարակությանն ասում է, որ իրեն բան ասողի ականջները կտրելու թույլտվություն է տրված: Սա հանդուրժենք, վաղն էլ կպարզվի, որ արդեն իրեն բացառապես քաղաքական լեքսիկոնով քննադատողների ականջներն էլ են վտանգի տակ հայտնվել:

Ցավոք, սա ոստիկանությունում արդեն արմատավորվող տղայական հարաբերությունների միակ դեպքը չէ:

Երբ օրեր առաջ ոստիկանապետը հայտարարեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը նախագահ դառնա, ապա ինքը կլինի նախագահների նախագահ, սա ի՞նչ է՝ ականջ կտրելուց ավելի վատ չէ՞: Ավելի ցածր մակարդակի տղայական պահվածք հնարավո՞ր է։

Ծառուկյանը, որպես քաղաքական ուժի առաջնորդ՝ կարող է հավակնություններ ունենալ՝ դառնալու երկրի նախագահ, ու եթե ընտրություններում հաղթի, ուրեմն կդառնա, ի՞նչ է նշանակում՝ ես էլ կլինեմ նախագահների նախագահ: Այսինքն, ոչ սահմանադրական կարգ կհաստատվի երկրում, ու իշխանությունը չի հանձնվի հաղթած նախագահի՞ն, թե՞ հաղթողը պետք է ենթարկվի ոստիկանապետին: Իսկ եթե ոստիկանապետը գտնում է, որ ինքն էլ կարող է ընտրություներում հաղթել ու նախագահ դառնալ, ապա հաղթելու դեպքում ինքը կլինի, այլ ոչ թե մեկ ուրիշը, էլ ի՞նչ նախագահների նախագահի մասին է խոսքը, սա ի՞նչ շահնշահի նոր պաշտոն է, կամ՝ արքայաց արքայի:

Փաստորեն, Սարգսյանը, տեսնելով, որ չի կարողանում սահմանադրական փոփոխությունների հարցում համոզել ընդդիմադիր դաշտի ազդեցիկ ուժերին ու հատկապես ԲՀԿ-ին, աջակցել իրեն այդ հարցում, արդեն որերորդ անգամ հետաձգում է իր վերջնական տեսակետի հրապարակումը, այս անգամ էլ՝ մինչև եկող տարվա մարտ ամիս: Իսկ այդ ժամանակն արդեն օգտագործելու է ոստիկանության միջոցով հասարակությանն ահաբեկելու համար, որպեսզի ստիպված հաշտվենք իշխանությունը Սարգսյանի կողմից բռնազավթելու մտքի հետ: Վաստահ եմ, որ ոչինչ էլ չի ստացվելու նրա մոտ, որ սա միանգամայն հակառակ արդյունքն է տալու՝ «վերջին բոլշևիկի» հանդեպ դժգոհությունը հասցնելով գագաթնակետին:

Մի ստատուս էի գրել այս տարվա մայիսի 8-ին. «ԵՐԲ ՀՀ-Ն ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՀԵՍՏԱՊԵՏԸ» վերտառությամբ: Ու երբ տեսնում եմ, թե մեր փառապանծ ազատամարտիկների հետ ինչպես են վարվում, կարծում եմ՝ ճիշտ էի բնութագրել, թե ինչու:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203498339001633?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը