Լրահոս

12.12.2014 17:02


Հունական ոստիկանությունն Աթենքում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումն ահաբեկչություն է որակել

Հունական ոստիկանությունն Աթենքում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումն ահաբեկչություն է որակել

Հունական ոստիկանությունն Աթենքում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումն ահաբեկչություն է որակել։ Այս մասին հաղորդել է «ՆԵՐԻԹ» պետական հեռուստաընկերությունը՝ նշելով, որ հետաքննությունը հանձնարարվել է հակաահաբեկչական ծառայությանը։ Ինչպես հաղորդվում է, Իսրայելի դեսպանատան վրա հարձակմանը, նախնական տվյալներով, չորս մարդ է մասնակցել՝ երկու մոտոցիկլով։ Նրանք կրակել են դիվանագիտական ներկայացուցչության շենքին ինքնաձիգներից, իսկ հետո թաքնվել։ Վնասվել են շենքի պատերն ու ապակիները։ Տուժածներ չկան։ Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ հայտնաբերվել է Կալաշնիկով ինքնաձիգի 54 փամփուշտ։ Հանցագործները որոնվում են։

Աթենքում Իսրայելի դեսպանատունը համարվում է ամենավերահսկվող կառույցներից մեկը։

Դիվանագետներն ու դեսպանատները վերջին շրջանում դարձել են ահաբեկչական կազմակերպությունների և տեղական ծայրահեղականների հարձակման օբյեկտներ։ 2013թ. դեկտեմբերի 30-ին հարձակման էր ենթարկվել Գերմանիայի դեսպանատունը։ Այն ժամանակ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ժողովրդական մարտիկների խումբ» անարխիստական կազմակերպությունը։

Ոստիկանությունը մտահոգվում է, որ նոր հարձակումներ կլինեն՝ կապված անարխիստ Նիկոս Ռոմանոսի գործի հետ, որը 15 տարվա և 11 ամսվա ազատազրկման է ենթարկվել բանկերի զինված թալանի համար, և չորեքշաբթի դադարեցրել է մեկամսյա հացադուլը կալանավայրի հիվանդանոցում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը