Կարծիք

12.12.2014 12:22


Սերժ Սարգսյանի պատկերացրած «Ապահով Հայաստանը»

Սերժ Սարգսյանի պատկերացրած  «Ապահով Հայաստանը»

Տոտալիտար ռեժիմների ողջ «հմայքը» բացահայտվում է տոտալ ջարդերի ժամանակ, երբ մարդկանց հալածանքի են ենթարկում իրենց` գործող ռեժիմի հայացքներից տարբերվող քաղաքական հայացքների համար: Ընդ որում, գործի է դրվում ոչ թե հոգեբանական ճնշումը կամ տվյալ անձի նկատմամբ իրականացվող հակափիարի ակցիաները, այլ պրիմիտիվ բռնի ուժը:

Այն, ինչ կատարվում է մեր երկրում էսօր, տոտալիտար ռեժիմի վառ դրսևորում է, երբ այլակարծությունը դառնում է աններելի, և մարդկանց ծեծի են ենթարկում իրենց իսկ տան մոտ: Փաստորեն, Սերժ Սարգսյանն այսպես է պատկերացնում «քաղաքացիների հետ պետք է դուք-ով խոսել» արտահայտությունը և «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը: Ու ասեմ ձեզ, որ տվյալ պայմաններում մեղավորը ոչ թե Սերժն է, այլ մենք` ՀՀ քաղաքացիներս, քանի որ մենք ենք սխալ հասկացել վերոնշյալ կարգախոսը:

«Ապահով Հայաստան»–ն ի սկզբանե ենթադրում էր ապահովություն միայն Սերժ Սարգսյանի և նրա մտերիմների համար, իսկ հասարակ քաղաքացիների մասին ոչ մի խոսք անգամ չկար: Դա մենք էինք, որ, չգիտես՝ ինչու, փորձեցինք էդ կարգախոսը մեզ վրա «հագցնել»: Բայց դե, Սերժի համար կարած «մուշտակը» ժողովրդի հագով չի և երբեք չի էլ լինի: Եվ այն, ինչ կատարվում է վերջին օրերին, սրա հերթական վառ ապացույցն է: Ընդ որում, գործող ռեժիմը ոչ միայն չի թաքցնում, որ դա իր ձեռքի գործն է, այլ նաև տարբեր խոսափողների միջոցով բարձրաձայնում է այդ մասին, ինչը թույլ է տալիս պնդել, որ սա, դե ֆակտո, սեփական ժողովրդի նկատմամբ պատերազմի մեկնարկի մասին հայտարարություն է:

Եվ տվյալ պարագայում հարց է առաջանում՝ ինչի՞ վրա է հույս դրել ռեժիմը, որն ինքն է ընդունում, որ ժողովրդի առնվազն 80 տոկոսը նրան դեմ է: Անկեղծ ասած, ես սրա տրամաբանական պատասխանը չունեմ:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը