Կարծիք

12.12.2014 00:05


Ո՞ւմ են ձեռնտու ցնցումները

Ո՞ւմ են ձեռնտու ցնցումները

Այն, ինչն օրերս տեղի ունեցավ մեր ազատամարտիկների հետ, այնքան արտառոց էր, որ դեռ երկար ու բազմակողմանիորեն կքննարկվի՝ կատարվածի թե՛ քաղաքական (ծեծի ենթարկվածներն աչքի էին ընկնում իրենց ակտիվ հակաիշխանական դիրքորոշմամբ) և թե՛ բարոյական կողմը (չավարտված պատերազմի պայմաններում ծեծի են ենթարկվում հաղթականած բանակի պանծալի զավակները, որոնց ծառայությունը հայրենիքի առաջ անուրանալի է):

Փորձեմ կատարվածի հանդեպ իմ վերաբերմունքն արտահայտել՝ հնարավորինս զերծ մնալով էմոցիոնալ գնահատականներից, որպեսզի ասելիքս չաղավաղվի, թեպետ շատ դժվար է նման դեպքում հավասարակշիռ խոսք ասել:

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի ենթարկվելուց հետո հրաժարվեցին մանրամասնել, թե ինչ է տեղի ունեցել, ում հետ են հանդիպել դեպքից առաջ, և ովքեր են բռնություն գործադրել իրենց հանդեպ: Բայց ահա, փոխոստիկանապետը հպարտորեն հայտարարեց, որ նա, ով կհայհոյի Սերժ Սարգսյանին, ականջները շան թուլի պես ինքը կկտրի: Այսինքն, բացահայտվեց, թե ինչ է տեղի ունեցել, կամ գոնե իր վարկածը ներկայացրեց: Իսկ սրանով առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանին կանգնեցրեց փաստի առաջ: Եթե վերջինս ցանկանա պատժել փոխոստիկանապետին կատարվածի ու նաև պաշտոնին ոչ հարիր հոխորտանքների համար, դրանով ի՞նչ «մեսիջ» է ուղարկում իրեն հավատարիմ ենթականերին, որ եթե իրեն հայհոյեն, չի կարելի հակադարձել, այլապես կպատժվե՞ն: Իսկ եթե Ազատիչը կատարվածն ընդունի որպես նորմալ, ապա ի՞նչ է ստացվում՝ հրապարակավ սանձազերծում է ինքնադատաստա՞նը, իսկ դրանից հետո ի՞նչ բարոյական իրավունքով են կանխելու ինքնադատաստանի ենթարկողին ինքնադատաստանի ենթարկելը: Այսինքն, իրենց այսքան տարվա ջանքերը (որպեսզի ոստիկանության հանդեպ հասարակությունը հավատով լցվի) հօ՞դս են ցնդելու:

Ու եթե ազատամարտիկների իշխանություններից դժգոհ մասը դեռ բոլորը չեն միավորվել, ու գործում են տարբեր կազմակերպություններ, և ոչ բոլորն են ընդգրկված դրանցում, ապա այս դեպքում բոլորին միավորելու է մի գաղափար՝ չհանդուրժել կատարվածը, իսկ դրա համար հիմքերն ավելի քան բավարար են: Չէ՞ որ դժվար չէ հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչու:

Եթե քո ներկայությամբ հայհոյում են Սերժ Սարգսյանին ու պահի ազդեցության տակ կռվի ես բռնվում, էլի կարելի էր մի կերպ հասկանալ, բայց երբ սպասում ես՝ խոսակցությունն ավարտվի, ու ազատամարտիկները դուրս գան սենյակից, ու հանձնարարում ես թիկնապահներիդ սառնասրտորեն ծեծի ենթարկել մարտական ընկերներիդ, սա չի կարող անարձագանք մնալ: Ու ինքնադատաստանը քաջալերող գործող նախագահի դեմ է սա ուղղվելու առաջին հերթին, ուստի ինքը հայտնվել է անելանելի վիճակում, ինչպես վերևում նշեցի, քանի որ երկու դեպքում էլ պարտվողը ինքն է լինելու:

Իսկ այն վիճակում, որում հայտնվել է Սերժ Սարգսյանը հո միայն ա՞յս առիթով չի. ուղղակի սա արդեն վերջն էր: Հպարտանում ենք մեր բանակի մարտունակությամբ, մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտով ու մեր հերոսներին ենթակաների ձեռքով ծեծի՞ ենթարկում, սա արդեն այն գիծն էր, որ ոչ մի պարագայում չէր կարելի անցնել, բայց դա էլ անցան: Ու ամենևին կարևոր չէ՝ միջադեպը ինչ սցենարով է զարգացել։ Ու դեռ նախորդները չմարսած՝ այսօր արդեն ծեծի է ենթարկվել ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Սա արդեն մաքուր քաղաքական աստառ է ստանում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1511938589077923&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը