Կարծիք

10.12.2014 23:04


«Այսօր Հայաստանում գումար ներդնելը նույնն է, ինչ տանես, այդ գումարը այրես»

«Այսօր Հայաստանում գումար ներդնելը նույնն է, ինչ տանես, այդ գումարը այրես»

Սերժ Սարգսյանը հերթական անգամ հուսահատեցրեց բոլորիս: Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանր տնտեսական վիճակում: Փոքր ու միջին բիզնեսը չի զարգանում, օտարերկրյա ներդրումները նվազում են, կապիտալը փախչում է երկրից՝ Հայաստանի քաղաքացիների հետ միասին: Սա տեսնում ենք բոլորս, բացի Սերժ Սարգսյանից ու իր ղեկավարած թիմից:
Ելույթ ունենալով Հայաստանի գործատուների եւ արդյունաբերողների միության հերթական համագումարին, երկրի նախագահը, փոխարենը արձանագրի խնդիրների առկայությունը և այդ հարթակը օգտագործի՝ տնտեսական վիճակը շտկելու համար, փորձեց ինչ-որ արդարացումներ գտնել, պատասխանատվությունը գցել չարաբաստիկ համաշխարհային ճգնաժամի վրա և որոշ թվերի հետ խաղի միջոցով փորձեց բոլորին հավատացնել, որ հայերի մոտ մասսայական փսիխոզ է և իրականում մենք ապրում ենք բարեկեցիկ, կայուն զարգացող երկրում: Իսկ ներդրումներ՝ ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանում չեն կատարվում, որովհետև ներդրողների մոտ գումար չկա:
Ներդրումներ Հայաստանում չեն կատարվում, որովհետև պոտենցիալ ներդրողները, ի հակառակ Սերժ Սարգսյանի պատկերացումների, ռացիոնալ, գրագետ գործարարներ են, որոնք սեփական կապիտալը վտանգի տակ չեն դնի ու չեն տրամադրի՝ տնտեսական ծրագիր իրականացնել մի երկրում, որտեղ մասնավոր սեփականության անեռնմխելիության երաշխիքներ չկան, որտեղ ամեն րոպե կարող են հայտնվել մռայլ արտաքինով անձինք և պահանջել, որ դու քեզ պատկանող բիզնեսի կեսը տաս իրենց շեֆին:
1998-ից մինչև 2007 թվականը Հայաստանում կատարվել է 3 մլրդ 651 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ոչ թե այն պատճառով, որ մարդիկ այնքան փող ունեին, որ չգիտեին ինչ անեին ու Հայաստանում ներդրում էին անում, այլ այդ մարդիկ վստահ էին, որ իրենց ներդրած գումարը կվերադառնա և դեռ մի բան էլ իրենք կշահեն: Իսկ այսօր Հայաստանում գումար ներդնել նույնն է, ինչ տանես այդ գումարը ուղղակի նվիրես Սաշիկին, կամ էլ այրես:
Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ նույնիսկ քարտով աշխատավարձ ստացողը շտապում է ամբողջությամբ և հնարավորինս արագ հանել գումարը քարտի վրայից, քանի որ նույնիսկ մեքենայի բացակայությունն ու վարորդական իրավունք չունենալը երաշխիք չէ, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի որոշման արգելանք չի դնի այդ մարդու բանկային հաշվի վրա՝ իբր կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար: Էլ ուր մնաց, որ մարդիկ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներով գումար բերեն Հայաստան ու փորձեն ինչ-որ բիզնեսով զբաղվել:
Իսկ իշխանությունների վարած ջայլամային քաղաքականությունը և Սերժ Սարգսյանի ելույթը հույս չեն ներշնչում, որ այս իշխանությունները կարող են շտկել իրավիճակը: Հայաստանին անհրաժեշտ է նոր՝ վստահության արժանի իշխանություն:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը