Լրահոս

10.12.2014 14:22


Կայացավ Համաժողովրդական շարժման հավաքն ու երթը (տեսանյութ)

Կայացավ Համաժողովրդական շարժման հավաքն ու երթը (տեսանյութ)

Ազատության հրապարակում տեղի ունեցավ համաժողովրդական շարժման նախաձեռնած հավաքը։ ԱԺ ԲՀԿ պատգամավոև Էլինար Վարդանյանը, ներկայացնելով այսօրվա Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտումներն, ընդգծեց, որ ամենուրեք տիրող ամենաթողության, արհամարհարանքի մթնոլորտը բացարձակապես կապ չունեն Սահմանադրության հետ։

«Արդյոք սահմանադրական դրույթները չեն գործում, որովհետև վա՞տն են։ Իհարկե, ո՛չ։ Մարդիկ լավ էլ հասկանում են, որ սահմանադրական փոփոխություններով իրենց կյանքում ոչինչ էլ չի փոխվելու։ Եվ սահմանադրական փոփոխությունները միայն վերարտադրության հարց են լուծելու»,–հայտարարեց ԲՀԿ պատգամավորը։

«Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանը, դատապարտելով վերջին օրերին իր մարտական ընկերների նկատմամբ կատարված հարձակումները, հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են՝ օր առաջ հասնելու իշխանափոխության. «Մեր գործն արդար է և կագնելու ենք մինչև վերջ»։

Մինչև ավանդական երթի մեկնարկը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ընթերցեց հավաք-երթի բանաձևը։ Նա հայտարարեց, որ առաջիկայում համաժողովրդական շարժումը կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը՝ ներառյալ հանրային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը լինելու է Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը։

Հավաքի ժամանակ Համաժողովրդական շարժման ընդունած բանաձևը ներկայացնում ենք ստորև.

«2008 թվականին, մարտահրավեր նետելով իշխանությունների բռնաճնշումներին, մենք անցկացրինք Մարդու իրավունքների առաջին երթը։ Արդեն 7֊–րդ տարին է, ինչ մենք՝ քաղաքացիական ազատությունների համար պայքարող քաղաքացիներս, հավաքվում ենք Հայաստանում ազատության եւ ժողովրդավարության արժեքները հաստատելու մեր կամքը ցուցադրելու նպատակով։ 7–֊րդ տարին է ինչ մարդու իրավունքների միջազգային այս օրը մենք մեր հասարակությանը եւ ամբողջ աշխարհին ներկայացնում ենք մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների տարեկան հաշվետվությունը։

Այսօր, հոկտեմբերին ձեւավորված նոր Համաժողովրդական Շարժման անունից, նորից ստիպված ենք արձանագրել բոլոր այն խնդիրները, որ ունենք այս բնագավառում։

1.Երկրում շարունակում է գործել ընտրակեղծարարության ամբողջատիրական մի համակարգ, որը աղավաղում է ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտությունը։ Մերժվել են ընտրական համակարգը բարեփոխելու եւ մաքրելու միացյալ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները, ներառյալ բացառապես համամասնական սկզբունքով խորհրդարանի ձեւավորման, ընտրացուցակների մաքրման եւ քվեարկությունից հետո հրապարակման հետ կապված առաջարկները։ Ընտրակեղծարարության համակարգը եւ դրա արդյունքնում մենաշնորհի տիրացած կուսակցությունը մերժում է Հայաստանի ժողովրդի՝ սեփական իշխանություն ընտրելու իրավունքը։

2.Մինչեւ հիմա չեն բացահայտվել եւ չեն պատժվել 2008 թվականի մարտիմեկյան սպանությունների եւ այլ բռնությունների պատասխանատուները, կազմակերպիչները եւ իրականացնողները։ Մարտիմեկյան ոճրագործության պարտակումը հավասարազոր է կյանքի իրավունքի մերժմանը։

3.Երկրում նորից ունենք քաղբանտարկյալներ։ Քաղաքական շարժառիթներով ակնհայտ անհամաչափ պատիժ է սահմանվել 2013 թվականի նոյեմբերի 5–֊ի միջադեպի մասնակիցների նկատմամբ, ինչը, համաձայն ԵԽԽՎ֊–ի 1900 բանաձեւի, լիովին համապատասխանում է քաղաքական բանտարկյալի սահմանման չափանիշներին։ Հետեւաբար, պետք է անհապաղ ազատվեն Շանթ Հարությունյանը, Վահե Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանը, Սևակ Մնացականյանը, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Հայկ Հարությունյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Արմեն Հովհաննիսյանը եւ Տիգրան Պետրոսյանը։

4.Ոստիկանությունը եւ իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակում են բռնությունները եւ ապօրինի այլ ճնշումները բողոքի ակցիաների եւ զանգվածային այլ միջոցառումերի, ինչպես նաեւ դրանց իրազեկմանը մասնակից քաղաքացիական ակտիվիստների վրա, ոտնձգություն կատարելով հավաքների ազատության իրավունքի նկատմամբ։

5.Կոպտորեն խախտվում են մարդկանց սոցիալական իրավունքները, մասնավորապես, ազատ տնտեսական նախաձեռնության եւ արժանապատիվ աշխատանք ունենալու իրավունքները։ Սահմանվել են ձեռնարկատիրությունը խեղդող եւ ժողովրդին ունեզրկող բազմատեսակ հարկեր, վճարներ եւ տուգանքներ։ Հայաստանի տնտեսության մենաշնորհացմանն եւ իշխանավորների անձնական հարստացմանն ուղղված հանցավոր տնտեսական քաղաքականության հետեւանքով խախտվել են ազատ եւ արդար տնտեսական մրցակցության սկզբունքները, ապակայունացել է երկրի ֆինանսական շուկան, աճել աղքատությունը, չի լուծվում «Նաիրիտի» վերագործարկման հարցը։ Արդյունքնում փակվում են աշխատատեղեր, հազարավոր մարդկանց ուղղակի փողոց են շպրտում։ Տասնյակ հազարավոր գյուղացիներ ուղղակի ճկռում են վաշխառուական վարկային տոկոսների բեռի տակ։ Մերժվել են այս հարցերի լուծմանն ուղղված՝ Համաժողովրդական շարժման պահանջների 12 կետերը։

Այսպիսով, մարդու իրավունքերը եւ քաղաքացիական ազատությունները կոպտորեն եւ սիստեմատիկորեն խախտվում են։ Համաժողովրդական շարժումը չի կարող հանդուրժել իշխանությունների կողմից մարդու իրավունքների, քաղացիական ազատությունների լայնածավալ խախտումները եւ տարրական սոցիալական իրավունքների ապահովմանը վերաբերող ժողովրդի պահանջների մերժումը։

Հետեւաբար, Համաժողովրդական Շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը՝ ներառյալ հանրային զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը եւ արտահերթ ազատ ու արդար ընտրություններով ժողովրդի իշխանության ձեւավորումը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը