Կարծիք

10.12.2014 13:58


Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ելույթը համաժողովրդական շարժման՝ Ազատության հրապարակում այսօր հրավիրած հավաքում.

Այսօր դեկտեմբերի տասն է՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

1948 թվականին ճիշտ այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Թվում է, թե շուրջ կես դար առաջ ընդունված այս փաստաթուղթը հիմնական ուղեցույց պետք է լինի բոլոր զարգացած երկրների համար:

Իսկ հիմա հարց՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունում ձեր իրավունքները պաշտպանվա՞ծ են, արդյոք ձեր իրավունքները չե՞ն ոտնահարվում, արդյոք ձեր իրավունքները չե՞ն խախտվում, արդյոք ձեր խախտված իրավունքները վերականգնվո՞ւմ են:

Կարծում եմ՝ պատասխանի կարիք չկա:

Մարդու իրավունքների համատարած խախտում չէ՞ այն իրավիճակը, որն այսօր ստիպում է մեր հայրենակիցներին դիմել արտագաղթի, մարդու իրավունքների խախտում չէ՞, երբ հաշմանդամություն ունեցող անձը ստանում է 18000 դրամ նպաստ, որով պետք է գոյատևի մի ամբողջ ամիս, մարդու իրավունքների խախտում չէ՞, երբ նվազագույն աշխատավարձը նվազագույն կենսապահովման զամբյուղին հասնելու միտում նույնիսկ չունի, իրավունքների խախտում չէ՞, երբ թոշակառուի ստացած թոշակը նույնիսկ կոմունալ վճարներին չի բավարարում, իրավունքների խախտում չէ՞, երբ երթևեկության խախտումների համար տուգանքներն ու տույժերն ավելի բարձր են, քան նվազագույն աշխատավարձն է, իրավունքների խախտում չէ՞ գործազրկության այն մակարդակը, որ կա այսօր մեր երկրում, իրավունքների խախտում չէ՞ աղքատության այն շեմը, որ այսօր հատել է մեր երկիրը, իրավունքների խախտում չէ՞, որ փոքր ու միջին ձեռնարկատերերը ամեն օր կանգնած են օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկվելու վտանգի առաջ…. Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել....

Իսկ ի՞նչ են անում զարգացած երկրներում իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման համար: Դիմում են պատկան մարմիններին: Իսկ որևէ մեկն այսօր վստահո՞ւմ է մեր իրավապահ համակարգին, մեր դատական համակարգին, մեր կառավարման համակարգին:

Ամենուրեք տիրում է ամենաթողության, արհամարհանքի մթնոլորտ:

Ուզում եմ թվարկել մեր Սահմանդրությամբ հռչակված մի քանի իրավունք.

Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

Ավելի անարժանապատիվ կյանք, որով ապրում է այսօր մեր հասարակությունը, դժվար է պատկերացնել: Եվ եթե որևէ մեկը կփորձի պնդել հակառակը, թող իր էլիտար բնակարանից ու թանկարժեք սրճարաններից բացի, Երևանի մեկ-երկու կենտրոնական փողոցներից բացի՝ գնա քաղաքի ծայրամասերը, գնա մարզեր, գյուղեր. այսպե՞ս է պետությունը հարգում և պաշտպանում մարդու արժանապատվությունը:

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Սրանից դեկլատիվ, կյանքի չկոչված նորմ դժվար է պատկերացնել:

Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:

Սպիտակի երկրաշարժից 26 տարի է անցել: Մարդիկ դեռ ապրում են տնակային պայմաններում: Իսկ պետության առաջին դեմքերը նույնիսիկ հարկ չեն համարում դեկտմբերի 7-ին այցելել աղետի գոտի:

Եվ ահա, այս պայմաններում խոսում են Սահմանադրության փոփոխությունների մասին: Իսկ հիմնավորումը մոտավորապես այսպիսին է՝ բարեփոխված Սահմանադրության առանցքը լինելու է մարդը՝ իր իրավունքներով: Ի՞նչ իրավունքների մասին են խոսում: Այն իրավունքների, որ քիչ առաջ թվարկում էի: Արդյոք խնդիրը նրանո՞ւմ է, որ այդ իրավունքները Սահմանադրության մեջ այնքան էլ լավ չեն ձևակերպված, դրա համար էլ չեն պաշտպանվում, դրա համար չեն հարգվում: Մարդիկ լավ էլ հասկանում են, որ Սահմանադրության փոփոխություններով իրենց իրավունքների պաշտպանության հարցում որևէ բան չի էլ փոխվելու: Եվ որ Սահմանադրության փոփոխությունները լուծում են միայն վերարտադրության հարցը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին, մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները, մենք պետք է համախմբվենք հանուն մեր վաղվա օրվա, հանուն արմատական փոփոխությունների, հանուն այն Հայաստանի, որտեղ մարդը, քաղաքացին կունենա արժանապատիվ ապրելու իրավունք, և իր արժանապատվությունը որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք՝ կհարգվի և կպաշտպանվի պետության կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը