Աշխարհ

10.12.2014 12:12


Ջավախքցիներին սկսել են «վտարել» Ջավախքից

Ջավախքցիներին սկսել են «վտարել» Ջավախքից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ջավախքցիների նկատմամբ սկսել են տույժեր կիրառել միգրացիոն նոր կանոնները խախտելու համար և արգելել նրանց մուտքը Վրաստանի տարածք:
Դեկտեմբերի 1-ից վրացական կողմը սկսել է կիրառել միգրացիոն նոր կանոնները, որոնք բխում են ԵՄ-ի հետ Վրաստանի ստորագրած Ասոցացման համաձայնագրից: Հայ-վրացական սահմանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ջավախքցի վարորդներին վրացի սահմանապահներն այսօր «վտարել են»: Նրանց նկատմամբ կիրառվել է տույժ՝ 180 լարի և առաջիկա երեք ամսում նրանք այլևս չեն կարողանա մուտք գործել Վրաստանի տարածք, այն է՝ հայրենի Ջավախք:
ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանը ստորագրել է այս տարվա հունիսի 27-ին Բրյուսելում: Դրա հիման վրա՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնել «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը: Վրաստանում առանց վիզայի գտնվելու ժամկետը կրճատվել է: Նախկին 390 օրվա փոխարեն այժմ օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում երկրում գտնվել 90 օր:
Սակայն Վրաստանի արդարադատության նախարարը Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, որ օտարերկրացիներին կտրվի լրացուցիչ ժամանակ վիզայի և կացության հարցերը կարգավորելու համար մինչև 2015թ. մարտի 1-ը: Ավելին, նախարարը հավաստիացրել էր, որ ներքին գործերի նախարարությունը որևէ միջոցառում չի ձեռնարկի երկրում գտնվող ոչ լեգալ միգրանտների նկատմամբ:
«Մենք գնացինք Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, Ախալքալաքի անձնագրային սեղանի ղեկավարի մոտ, մտանք, ասացին՝ մինչև մարտի 1-ը ազատ է, ոչ մի խնդիր չկա: Երեկ անցա սահմանը, ինձ չզգուշացրին, որ քո օրերը լրացել են: Այսօր երբ դուրս էի գալիս Ջավախքից, սահմանապահներն ասացին՝ գիշերը ժամը 12-ին քո ժամկետը լրացել է, 180 լարի (շուրջ 40 հազար դրամ-հեղ.) պիտի մուծես, որ անցնես Հայաստան ու 3 ամիս այլևս մուտք գործելու իրավունք չունես»,-պատմեց Երևան-Ջավախք մարդատար միկրոավտոբուսի վարորդներից մեկը, ով խնդրեց անունը չհրապարակել:
Վարորդին ասել են՝ եթե ուզում է շարունակել երթևեկել, պետք է գնա դեսպանատուն և վիզա ստանա: Իսկ մարտի 1-ի մասին հրաման սահմանապահները չեն ստացել, հետևաբար, կիրառել են ուժի մեջ մտած օրենքի դրույթները:
Վարորդը պատմեց, որ այսօր արդեն 20 հոգի 180-ական լարի տուգանք է մուծել: 180 լարին կիրառվում է մինչև մեկ ամիս ժամկետը խախտողներին, իսկ եթե երկրում գտնվել են մեկ ամսից ավելի, վճարում են 360 լարի (շուրջ 80 հազար դրամ): «Մեր ժողովրդին քնացրին՝ ասելով, որ օրենքը մարտի 1-ից է, բայց օրենքը փաստորեն գործում է սեպտեմբերի 1-ից»,-նեղսրտեց մեր զրուցակից վարորդը:
Անտոնը (անունը փոխված է) նույնպես ՀՀ քաղաքացիություն ունի: Նա և ընտանիքը Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկում հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում: Միաժամանակ որպես վարորդ աշխատում է Երևան-Ախալքալաք և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրման ենթուղում: Այսօր ուղևորներով լի միկրոավտոբուսով երբ ուղևորվում էր Ախալքալաք, սահմանից նրան էլ են հետ ուղարկել: Ասել են, որ արդեն մի քանի օր է՝ լրացել է նաև նրա՝ 90-օրյա ժամկետը, հետևաբար մուտք գործել Վրաստան առաջիկա երեք ամսում այլևս չի կարողանա:
Խնդիրը, սակայն, միայն վարորդներին չի վերաբերում, այլ ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ջավախքցիներին: Նրանք հիմնականում ՀՀ քաղաքացիություն են ստացել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով: Նույնիսկ ազգությամբ վրացիներ են ՀՀ քաղաքացիություն ստանում այդ նպատակով: Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մեզ տրամադրած տվյալների՝ 2008-2012թթ. 41 վրացի է ՀՀ քաղաքացիություն ստացել, ընդ որում՝ 24-ը միայն 2012թ.:
Այժմ, երբ ջավախքցիները դիմում են մշտական կացության կարգավիճակի համար, մեծ մասին մերժում են՝ տարբեր պատճառաբանություններով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ ջավախքցիների գտնվելը հայրենի տներում սահմանափակվում է:
Վրաստանում ՀՀ դեսպանատան հեռախոսահամարներն այսօր կեսօրից հետո չէին պատասխանում, օրենքի՝ մարտից չկիրառելու և կացության կարգավիճակների մերժման պատճառների մասին պարզաբանում ստանալ այնտեղից չհաջողվեց:
Քրիստինե Աղալարյան

«Վրաստանի Հայ Համայնք»

Այս խորագրի վերջին նյութերը