Տնտեսական

09.12.2014 17:29


ԿԲ նախագահ. «Փոխարժեքի փոփոխությունը կբերի 1.2-2% լրացուցիչ գնաճի»

ԿԲ նախագահ. «Փոխարժեքի փոփոխությունը կբերի 1.2-2% լրացուցիչ գնաճի»

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր անդրադարձել է դրամի կտրուկ արժեզրկմանը: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ պատճառը համաշխարհային տնտեսությունն է, որը դուրս է եկել տնտեսական տեսություններից։

–Շոկը եկել է դրսից։ ԱՄՆ տնտեսության զարգացման ֆոնին զարգացող և զարգացած երկրներում իրենց արժույթների արժեզրկում գրանցվեց: ԱՄՆ–ը պետական արժեթղթերի գնումների միջոցով ամսական 85 մլրդ դոլարի իրացվելիություն էր ներարկում: Սա՝ մեկ։ Երկրորդ պատճառը տարածաշրջանային զարգացումներն են և նավթի գների անկումը: Այս ամենը հանգեցրեց ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատման և ռուբլու փոխարժեքի արժեզրկման»,-ասել է Ջավադյանը:

ԿԲ նախագահը հավելել է, որ մեր երկրում էլ իրավիճակի սրացմանը նպաստել են հայաստանյան տնտեսվարող սուբյեկտները, ովքեր ազատ դրամական և վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի, ինչն էլ նրանց դրամային արտահայտությամբ լրացուցիչ օգուտներ է տվել:

–Այսպիսի գործողությունները մեծ ռիսկեր են պարունակում, որոնք ոչ մասնագետ անձինք չեն կարող ճշգրիտ գնահատել: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խուճապային վարքագիծը հանգեցնում է արժույթի շուկայում առքի և վաճառքի փոխարժեքների տարբերության մեծացման: Այսօրինակ տատանողական իրավիճակներում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անհարկի փոխարկումներից,-ասել է Ա. Ջավադյանը՝ հավելելով, որ արժութային շուկայում չարաշահումները բացահայտելու ուղղությամբ ԿԲ–ն աշխատանքներ է տանում։

ԿԲ-ի որոշումն էլ բանկերին օրական 6 մլն ԱՄՆ դոլար վաճառելու մասին նա լողացող փոխարժեքի քաղաքականությունից շեղում չի դիտարկում, իսկ գնաճն էլ, Ջավադյանի խոսքերով, 2014թ. վերջին և 2015թ. սկզբին կլինի նպատակային թիրախի շրջանակում:

ԿԲ–ի հաշվարկներով՝ փոխարժեքի փոփոխությունը կբերի 1.2-2% լրացուցիչ գնաճի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը