Լրահոս

05.12.2014 21:38


Աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

Աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ինտեգրացիոն համագործակցությունն անընդմեջ զարգացել և հասել է իր գագաթնակետին սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Նախագահների կողմից՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի ստորագրմամբ:
Այսօր համաշխարհային տնտեսության զարգացման միտումների և փոփոխությունների տեսանկյունից ինտեգրացումը դարձել է երկրների միջև համագործակցության հիմնական և հեռանկարային ուղղություններից մեկը՝ հատկապես հաշվի առնելով զարգացման զգալի ներուժը, ինչը և նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Պետք է մեծ գոհունակությամբ նշեմ, որ բոլոր միջոցառումները, որոնք «ճանապարհային քարտեզով» նախատեսված էին իրականացնել մինչ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը, ի ուրախություն մեր բոլորի, կատարված են: Այժմ իրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարման ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո:
Մասնավորապես, անհրաժեշտ է ծանոթացնել մեր գործարար հանրությանն այն նոր հնարավորություններին և կանոնակարգումներին, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Դրան էլ նվիրված է մեր այսօրվա միջոցառումը:
Կցանկանայի հատկապես նշել, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի, այսինքն՝ «ճանապարհային քարտեզի» մշակման և իրականացման ուղղությամբ այս կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ համատեղ կատարվել է հսկայածավալ աշխատանք:
Կցանկանայի նաև ընդգծել տիկին Վալովայայի անձնական մեծ ներդրումն այս աշխատանքների իրականացման գործում:
Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները կօժանդակեն մեր գործարարներին՝ տնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման առումով»:

Այս խորագրի վերջին նյութերը