Կարծիք

05.12.2014 16:41


Ինչքան ուզում է՝ Սերժ Սարգսյանն ասի

Ինչքան ուզում է՝ Սերժ Սարգսյանն ասի

Տեսնես՝ «Հանրապետականում» հատուկ ե՞ն փորձում վարկաբեկել Սերժ Սարգսյանին՝ անընդհատ ներկայացնելով ՀՆԱ-ի՝ իբր «աճ»՝ գնողունակության համարժեքով: Թե՞ այդ մարդը կարծում է, որ Հայաստանի բնակչության մտավոր ունակությունները համապատասխանում են միջին հանրապետականի ունակություններին: Իր այս վերջին ելույթում նորից ասում է, թե գնողունակության համարժեքով 2005-ին ունեցել ենք մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշ՝ $4417.3, 2013-ին այդ թիվը կազմել է $7,034: Բա ինչի՞ չի ասում, որ այդ ժամանակահատվածում պակասել է Հայաստանի բնակչությունը, ինչին զուգահեռ՝ կրկնապատկվել են ոչ առևտրային տրանսֆերտները: Նույն այդ 2005-ին տրանսֆերտների թիվը եղել է մոտ 900 մլն դոլար, 2013-ին այն կազմել է 1 մլրդ 869 մլն դոլար: Եթե երկրի բնակչության թվի կրճատման հաշվին գնողունակության ինդեքսով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի աճը Սերժ Սարգսյանը համարում է ձեռքբերում, կարելի է ենթադրել, թե ինչպես այս իշխանությունը կարող է պայքարել աղքատության կամ գործազրկության դեմ՝ արտաքսելով կամ այլ միջոցներով ֆիզիկապես կրճատելով աղքատների ու գործազուրկների թիվը: Խուրմա ասելով բերանդ չի քաղցրանա: Ինչքան ուզում է՝ Սերժ Սարգսյանն ասի, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, Հայաստանից փախչող մեր հայրենակիցներին, որոնք չեն կարողանում ապրուստի միջոց վաստակել. միևնույն է, չի կանգնեցնի: Միայն խոսքերով ու վիճագրական թվերի հմուտ (կամ ոչ այնքան հմուտ) խաղով տնտեսությունը չես զարգացնի:

Նարեկ Սանթուրյան

Այս խորագրի վերջին նյութերը