Լրահոս

05.12.2014 16:02


«Ազատամարտիկների դաշինք»-ը համերաշխ է իշխանափոխության համաժողովրդական պահանջին

«Ազատամարտիկների դաշինք»-ը համերաշխ է իշխանափոխության համաժողովրդական պահանջին

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և դրանից բխող առաջիկա մարտահրավերները՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը համոզված է, որ հայ ժողովրդի և պետականության անվտանգության ապահովման առաջին և հիմնավոր գրավականը՝ Հայաստանի Հանրապետությունում արմատական իշխանափոխությունն է և ժողովրդավարության ու արդարության վերականգնումը: Այդ մասին ասվում է «Ազատամարտիկների դաշինքի» վարչության նիստում ընդունված կոչ-հայտարարությունում:

«Գիտակցելով պատասխանատվությունը հայ պետականության պահպանման և սերունդների վաղվա օրվա անվտանգության ապահովման գործում՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին համախմբման՝ համարելով, որ համաժողովրդական շարժմանը գործուն մասնակցություն ցուցաբերելը, անկախ դիրքից կամ կուսակցական պատկանելությունից, ամեն մի հայի սրբազան պարտքն է:

«Ազատամարտիկների դաշինք»-ն իր առջև դրված խնդիրների լուծման գործընթացում պատրաստ է համագործակցելու բոլոր այն կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն համաժողովրդական շարժման միջոցով օր առաջ հասնելու արմատական իշխանափոխության:

«Ազատամարտիկների դաշինք»-ը պատրաստակամ է շարունակել համերաշխության միջնորդ հանդիսանալ և կամուրջի դեր կատարել սույն գործընթացին մասնակից ցանկացած ուժերի միջև՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով հասնել արմատական իշխանափոխության, հետագայում ապահովելով արդար և թափանցիկ ընտրությունների գործընթացը, հաստատել իրավունքի գերեկայություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

«Ազատամարտիկների դաշինք»-ը համերաշխ է իշխանափոխության համաժողովրդական պահանջին և կոչ է անում այս խնդրի շուրջ համախմբված քաղաքական, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել վճռականություն, չսասանել ժողովրդի հավատը:

Մենք լիահույս ենք, որ Հայաստանի պատկան մարմինները և ուժային կառույցները այսուհետ կգործեն սահմանադրության և օրենքի շրջանակներում՝ ապահովելով հայ ժողովրդի ազատ կամարտահայտվելու իրավունքը:

«Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ չի հանդուրժի այն ուժերին, ովքեր կդավաճանեն համաժողովրդական շարժման գործընթացին:

«Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ բռնի ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք, համաժողովրդական շարժման նկատմամբ, կարժանանա համարժեք պատասխանի», - ասվում է կոչ-հայտարարությունում:

Աղբյուրը՝ top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը