Քաղաքական

05.12.2014 13:21


ԲՀԿ–ական պատգամավորներն անդրադարձել են ԵՏՄ–ին

ԲՀԿ–ական պատգամավորներն անդրադարձել են ԵՏՄ–ին

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրին կողմ քվեարկելով՝ խորհրդարանի մեծ մասը ցույց տվեց, որ կողմ է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, սակայն, ԱԺ–ի այսօրվա ճեպազրույցում պնդել է, որ ԲՀԿ–ի «կողմ» քվեարկությունը որևէ կապ չունի գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության հետ։

–Դա որևէ կապ չունի Շարմազանովի ասածի հետ։ Մինչև սեպտեմբերի 3-ը մենք գտնում էինք, որ Հայաստանը չեզոք մնալու շանս ունի, բայց մենք այդ շանսը բաց ենք թողել, և հիմա քաղաքական պրագմատիզմը հուշում է, որ այս ինտեգրումն է լավը։ Եթե մենք հիմա չենք ինտեգրվում ԵՏՄ–ին, տարածաշրջանային մեր մեկուսացվածությանը ավելանում է է՛լ ավելի խոր մեկուսացվածություն։ Մեր շուրջը ստեղծված այս պարագայում մենք չունենք մեկուսացված մնալու ռեսուրսը։ Մենք առաջնորդվել ենք քաղաքական պրագմատիզմի ճանապարհով,–ասել է Ս. Մարգարյանը։

Նա ավելացրել է, որ չկան լավ կամ վատ ինտեգրման պրոցեսներ, կարևորն այն է՝ կկարողանա՞նք մեզ ճիշտ դրսևորել և ճիշտ աշխատել այդ միությունում.

–Մի քանի տարի առաջ մենք համարում էինք, որ այդ պրագմատիզմը չեզոք մնալն էր։ Այդ ժամանակ մենք այդ հնարավորությունն ունեինք, բայց տարիներ առաջ երկիրն ընտրեց այլ տարբերակ, հետո պարզվեց, որ դա դառնում է վտանգավոր, և անցած տարի ընտրվեց ԵՏՄ–ին անդամակցելը, ու ստեղծված իրավիճակում դա եղավ միակ տարբերակը։ Մենք չենք համարում նաև, որ այստեղ ինքնիշխանության կորուստ է տեղի ունենում։ Իհարկե, ինչ–որ բաներ քո իրավասություններից զիջում ես, բայց զիջում են բոլորը, իսկ եթե դու շատ ես զիջել, ուրեմն վատ ես բանակցել։

Ս. Մարգարյանի խոսքերով՝ քվեարկության հարցում ԲՀԿ–ում սկզբնական շրջանում տարբեր մոտեցումներ են եղել, բայց բավականին երկար քննարկելուց հետո «իրար համոզել են, և որոշումը գրեթե կոնսենսուսով է կայացվել՝ հանուն երկիրը չվտանգելու»։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելել է, որ իրենք լուրջ տարբերություններ ունեն իշխանության վարած ֆինանսավարկային քաղաքականության հարցում։ Իսկ տնտեսական առումով այս փուլում ԵՏՄ չգնալու այլընտրանք չկար։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Ս. Մարգարյանն ընդգծել է՝ այդտեղ արտաքին գործոնը շատ մեծ նշանակություն չունի։

–Մեզ համար մեր քայլերն ինքնանպատակ չեն. մենք մի քայլ անելուց գիտենք, թե դրան ուրիշ ինչ քայլ է հաջորդելու։ Բայց եթե շատ սուր իրավիճակ ստեղծվի երկրում, որ անհապաղ պետք լինի միջամտել, մենք հաջորդ օրը ժողովրդին կոչ ենք անելու դուրս գալ փողոց,–հավելել է Ս. Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը