Կարծիք

05.12.2014 13:00


Մերի Մովսիսյան. «Հայաստանը պետք է հետամուտ լինի սեփակա՛ն շահերին»

Մերի Մովսիսյան. «Հայաստանը պետք է հետամուտ լինի սեփակա՛ն շահերին»
Բազելում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ նշել է. «Բաքուն մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների բոլոր, այդ թվում` վերջին տարբերակները, որոնք ներկայացվել էին Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2010 թ. հոկտեմբեր) և Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներին»։
Մի կողմ թողնենք Ադրբեջանի գործոնը և վերադառնանք վերը նշված՝ առաջին հայացքից անմեղ մեջբերմանը։ Բազմիցս նշել եմ, սակայն կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու և հիշեցնելու, որ Կազանն արցախյան հակամարտության կարգավորման ամենավտանգավոր փուլը կարող էր դառնալ մեզ համար (չնայած, մնացած հանդիպումներն էլ չեն զիջում), անգամ՝ ճակատագրական։
Կազանում Սարգսյանն «այո» էր ասել, իսկ Ալիևն իր բթության հետևանքով, ինչի համար մենք նրան պետք է շնորհակալ լինենք, առաջ էր քաշել ևս տաս պահանջ և «ոչ» պատասխանել։ Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Ալիևը նույնպես «այո» ասեր։
Փաստացի, այն ժամանակ Կազանում Սերժ Սարգսյանն ուորլիքություն էր անում՝ նախաձեռնելով ԼՂՀ ստատուս–քվոյի փոփոխում, որն, ի դեպ, չի բխում մեր շահերից։
Վերջապես, մեր ԱԳՆ–ն պետք է հասկանա՝ միշտ չէ, որ կարիք կա «խաղաղության աղավնու» կերպարի մեջ մտնել և հիշել այնպիսի փաստեր, որոնք պետք չէ հիշել։ Արտաքին քաղաքականության պատասխանատուն (պատասխանատուները) վերջապես պետք է շտկումներ մտցնեն իրենց ելույթներում՝ փոխելով մեր շահերից չբխող, սակայն վերջին շրջանում ակտիվ շրջանառվող դիսկուրսը ստատուս–քվոյի փոփոխման վերաբերյալ։
Պարտադիր չէ միշտ հիշել հայաստանյան կողմի (Սարգսյանի գլխավորությամբ) «դիվանագիտական նախաձեռնությունները» ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում։
Աշխարհում և տարածաշրջանում տեղի են ունենում լուրջ գործընթացներ, որոնց հետ Հայաստանը չի կարող հաշվի չնստել։ Հայաստանը նաև լավ կանի՝ հետևի միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացներին էներգետիկ ոլորտում։
Առավել քան երբևէ, անկախ նրանից, թե այժմ ում ձեռքում է գտնվում պետական իշխանությունը, Հայաստանը պետք է հետամուտ լինի սեփակա՛ն շահերին, առավել ևս՝ պետական անվտանգության՝ արդեն իսկ զգացվող սպառնալիքի համապատկերին։
Ինչպես կասեն ԵՏՄ տարածքում՝ «Казань нам может и аукнуться», եթե շարունակվեն նման բովանդակության դիվանագիտական տեքստեր բարձրաձայնվել:
Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը