Լրահոս

04.12.2014 16:50


Մ. Մելքումյան. «ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի 2015թ. նախագծին» (տեսանյութ)

Մ. Մելքումյան. «ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի 2015թ. նախագծին» (տեսանյութ)

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադառնալով բյուջեի 2015թ. նախագծին՝ Հովիկ Աբրահամյանին հիշեցրել է.

«4.1% տնտեսական աճը, երբ մենք նայում ենք 2011 թվականից հետո, 2.2% աճ է փաստացի, 2012թ–ին՝ 7.2 %, 2013-ին 6.2–ի փոխարեն ունեցանք 3.5%, ընթացիկ տարում մեր նախատեսած 5.7%–ի փոխարեն Կառավությունը նախատեսում է 3.3%... Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ »։

Պատգամավորի խոսքերով՝ բյուջեի առանցքում առաջին հերթին ընկած է տնտեսական աճը տնտեսական զարգացում դարձնելու միտքը, երկրորդ՝ որ ժողովուրդն իր մաշկի վրա զգա փոփոխություն։

«Մեր ժողովուրդը բավականին հանդուրժող ժողովուրդ է, բոլորս գիտենք՝ տաղանդավոր ժողովուրդ է. եթե տեսնում է, որ փոքր բարելավումներ կան, ինքը դա գնահատում է անկեղծ, եթե տեսնում է, որ չկան, իր ռեակցիան արտահայտում է միգուցե ավելի զսպված, բայց ինչ–որ պահ այդ ռեակցիան հանդես է բերելու», – ասել է նա։

Մելքումյանը մի շարք խնդիրներ է շեշտադրել 2015թ. բյուջեյում, մասնավորապես՝ արդյունաբերության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում, իսկ անդրադառնալով հարկային քաղաքականությանն՝ ասել է. «Մենք պետք է արմատական հարց տանք. արտոնություններ տալը լավ է, բայց դրանք ժամանակավոր են։ Մենք պետք է կարողանանք համարձակ քայլի գնալ, գնալ համատարած շրջանառության հարկի, այսինքն՝ մինչև 58 մլն ընդհանրապես հանենք, վերցնենք միայն շրջանառության հարկը, և պետության խնդիրը լինի միայն շրջանառություն արձանագրելը։ Մնացած բոլոր գործերի հետ պետությունը գործ չունի. թող ազատություն տա», – ասել է նա։

Ըստ նրա՝ ցիկլային ճգնաժամի պայմաններում Կառավարությունը պետք է օպերատիվ կառավարման միջոցառումներ ձեռնարկի, մարդկանց եկամուտները ավելացնի, ամեն կերպ խթանի արտահանումը։

«Մարդկանց եկամուտներն ավելացնելը նշանակում է, որ մենք չպետք է վախենանք լրացուցիչ գնաճից. թող գնաճ լինի 9-10%, բայց մարդկանց եկամուտներն ավելանան 15-20%-ով»։

Ելույթի ավարտին նա նշել է, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի 2015թ. նախագծին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը