Լրահոս

04.12.2014 15:46


«Հիմա դրա նախադրյալները չկան». Ռուբեն Սաղաթելյանը՝ «Նաիրիտի» լուծարման մասին

«Հիմա դրա նախադրյալները չկան». Ռուբեն Սաղաթելյանը՝ «Նաիրիտի» լուծարման մասին

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ նախագահականի մոտ էր նաև գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ 4 տարվա ընթացքում «Նաիրիտի» կանգառի պայմաններում Կառավարությունը, Էներգետիկայի նախարարությունը սատար են կանգնել աշխատակիցներին.

«4 տարի աշխատավարձ են վճարել։ Վճարել են էներգետիկայի համակարգից հիմնականում, որը բերել է էներգետիկայի համակարգի ծանր վիճակին։ Կա խնդիր, որը լուծում է պահանջում, և ժողովուրդը հույս ունի, որ այդ լուծումը կլինի օրենքի սահմաններում»։

Ինչ վերաբերում է «Նաիրիտի» լուծարմանը, Սաղաթելյանը նշել է, որ «հիմա դրա նախադրյալները չկան»։

Նա մեկնաբանել է նաև աշխատակիցներին ծանուցագրեր ուղարկելու հարցը՝ ասելով, որ գործարանի աշխատողները 2/3–ով գտնվում են հարկադիր պարապուրդում, և նման կերպ շարունակելու իմաստ չկա։

Ինչ վերաբերում է հարցին՝ ում հետ կապել հույսը, գործարանի տնօրենը նշել է. «Ես չեմ կարող ասել՝ ինչու է շատերի հույսը միայն Սերժ Սարգսյանը։ Ի վերջո, իհարկե, Սերժ Սարգսյանը երկրի նախագահն է, բայց Կառավարություն կա, իշխանություն կա։ Նշանակում է՝ բոլորին դնենք մի կողմ, այդպես չի կարելի»։

Գործարանի տնօրենը նշել է, որ 500 աշխատակից է աշխատում այժմ գործարանում, որն անհրաժեշտ է գործարանի անվտանգության և տեխնիկական ապահովման համար, եթե հետագայում «Նաիրիտը» վերագործարկվի։ Իսկ վերջին դեպքում մյուս աշխատակիցներին էլ իմաց կտրվի։

«7օր»–ի թղթակցի հարցին, թե ծանուցում ուղարկելիս պե՞տք է նաև աշխատավարձի մարում տեղի ունենա, Սաղաթելյանը պատասխանել է. «Օրենքի պահանջն է՝ երկու ամիս առաջ ծանուցվում է, երբ աշխատակիցն ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկ է կատարվում։ Ծանուցագիր ստացողների մի մասը մնալու է...»։

Հարցին էլ, թե վերջնահաշվարկը կատարվելու է փետրվարին, աշխատակիցները կարո՞ղ են հույս ունենալ, որ ամբողջությամբ կստանան իրենց աշխատավարձերը, նա պատասխանել է.

–Ամեն ինչ պետք է կատարվի օրենքի սահմաններում։

–Օրենքի սահմաններում պետք է աշխատավարձերը վճարվեն, չէ՞,–հարցրել է լրագրողը։

–Այո՛։

–Այսինքն, աշխատակիցներն իրենց աշխատավարձերը կստանա՛ն։

–Ես նորից եմ ասում՝ օրենքն ուրիշ բան չի նախատեսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը