Քաղաքական

04.12.2014 14:48


Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է ԵՏՄ–ին անդամակցելու հարցում ԲՀԿ դիրքորոշումը

Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է ԵՏՄ–ին անդամակցելու հարցում ԲՀԿ դիրքորոշումը

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն, ըստ էության, լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրման գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է: Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրման պրոցեսների ընթացքում ապահովել իր համար առավելագույն օգուտներ, խուսափել տնտեսական կորուստներից և ժողովրդի սոցիալական վիճակի՝ է՛լ ավելի վատացումից: Բայց սա այն հարցն է, որ մենք պետք է ուղղենք ոչ թե Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի, այլ՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին: Ահա հենց այստեղ է, որ մենք ունենք հիմնավոր կասկածներ:

Խնդիրն ունի իր նախապատմությունը, և այսօր ստեղծված իրականությունը երկար ցավոտ պատմության ընդամենը վերջին կետն է: Կարևոր է, որ քաղաքական ուժերը, մեր հասարակության մտահոգ շրջանակները, ԵՏՄ և Եվրամիության մեր գործընկերները պատկերացնեն այն երեք հիմնական փուլերը, որոնցով այս հարցն անցել է:

ԲՀԿ–ն երբեք հակված չէ բացթողումների և սխալների համար մեղավորներ փնտրել դրսում՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Ոչ. որպես լուրջ և հայաստանակենտրոն քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստանը» միշտ գնացել և գնալու է լուծումների բանալին ներսում գտնելու ուղղությամբ:

1. Հայաստանը 3-4 տարի բանակցում էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին ու խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համար: Բանակցությունները եղել են փակ, նախապատրաստվող համաձայնագիրը եղել է հասարակությունից և քաղաքական ուժերից գաղտնի: Այդ նույն տարիներին Հայաստանում եղել են մարդիկ, քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, ովքեր զգուշացնում էին, որ ռիսկերը և զարգացման սցենարները հաշվարկված չեն, և չի կարելի այդքան խորացնել բանակցությունները՝ չունենալով վերջում դրանք ստորագրելու քաղաքական որոշում: Ինչպես պարզվեց հետագայում, Եվրամիության հետ բանակցությունների տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները չեն խորհրդակցել ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ: Մի պահից սկսած՝ պաշտոնական Մոսկվան Հայաստանի քայլերն ընկալում էր որպես ուղղակիորեն իր դեմ ուղղված մարտահրավեր: Արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել այս սցենարից: Միանշանակ, հնարավոր էր: Ասեմ ավելին՝ պարտադիր էր դա անել: Փոխարենը՝ մենք հայտնվեցինք արտաքին քաղաքական վայրիվերումների մեջ: Դարձանք անվստահելի գործընկեր Արևմուտքի համար, ինչը երբեմն կրում էր պետական արժանապատվության կորստի տարրեր, և դարձանք անվստահելի գործընկեր Ռուսաստանի համար:

Պետք չէ ինքներս մեզ խաբենք, թե՝ Եվրոպան մեզ հասկացավ, կամ՝ Ռուսաստանը ոչինչ չէր նկատում: Ահա այդպիսի պայմաններում հասանք սեպտեմբերի 3-ին, երբ Մոսկվայում ձևակերպվեց Մաքսային Միություն մտնելու Հայաստանի խնդրանքը: Այստեղ ևս ուզում եմ նշել, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, Եվրամիության ղեկավարները այդ մասին իմացել են լրատվամիջոցներից փաստը կատարվելուց հետո: Արտաքին քաղաքականության մեջ սա ուղղակի աններելի քայլ է, իսկ ներքին կյանքում՝ քաղաքական մենաշնորհի հստակ ապացույց, երբ կարևորագույն որոշումները կայացվում են փակ, գաղտնի, անհասկանալի պայմաններում: Ահա թե ինչ ենք մենք ուզում փոխել, ինչն է ուզում երկրում մեկընդմիշտ փոխել «Բարագավաճ Հայաստանը»՝ իր քաղաքական գործընկերների հետ:

Որպեսզի մեզ չմեղադրեն պատմության էջերն ավելորդ փորփրելու մեջ, ուղղակի մի հիշեցում ևս անեմ: Սեպտեմբերի 3-ից մեկ օր առաջ, այսինքն՝ սեպտեմբերի 2-ին, երբ դեռ, բնականաբար, ոչինչ պարզ չէր Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման արդյունքների մասին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց և ձևակերպեց իր մոտեցումը. «Ռուսաստանը մեր ամենակարեւոր տնտեսական գործընկերն է: Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանում այսօր ապրում է երկու միլիոնից ավելի հայ, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան՝ օգնելով ընտանիքին եւ հարազատներին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է լինել այդպիսին»:

Իսկ ավելի ուշ Ծառուկյանը մի քանի անգամ զգուշացնում էր, որ հայ-ռուսական հարաբերություններն այլ խնդիր են, իսկ Մաքսային միություն մտնել-չմտնելը՝ բոլորովին այլ: Կարիք չկար իջեցնել ռազմակավարական հարաբերությունների նշաձողը մինչև Մաքսային Միություն մտնելու գաղափար: Ես նորից եմ կրկնում՝ ռազմավարական հարաբերություններն այլ բան են, տնտեսական ինտեգրման համակարգին միանալը՝ այլ: Այստեղ պետք էր կետ առ կետ բանակցել, պաշտպանել Հայաստանի շահերը մինչև վերջին նիշը, պետք էր պաշտպանել Հայաստանի տնտեսական շահերը, հայ սպառողի շահերը: Դրա համար պետք էր ժամանակ, այլ ոչ շտապողականություն: Իսկ ի՞նչ կատարվեց մեզ մոտ: Իշխանական քարոզչամեքենան և քաղաքական մեծամասնության, Կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր մի քանի տարի շարունակ գովերգում էին Եվրոպական Միության հետ նախապաստրաստվող համաձայնագիրը, մեկ օրում՝ սեպտեմբերի 4-ից, միանգամից դարձան Մաքսային Միության մոլի ջատագովներ: Հարգելի՛ գործընկերներ, ընդունեք՝ սա լուրջ մոտեցում չէ: Սա չի ավելացնում մեր հանդեպ օտարների հարգանքը: Եվ ամենը կատարվում է մեր պետական արժանապատվության հաշվին:

Հասկանալով խնդրի բոլոր նրբությունները՝ ասվածի և չասվածի բոլոր ենթատեքստերը՝ նորից կանգ առնեմ ապագա ռիսկերի և հնարավորությունների վրա: Պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում մենք հայտնվել ենք: Ընդամենը պետք է գրագետ աշխատել: Հայաստանը կարող է ունենալ տնտեսական օգուտներ ԵՏՄ-ին անդամակցելուց: Մասնավորապես, մենք տնտեսական քաղաքականություն իրականացնելու պարագայում կարող ենք և հնարավորություն ունենք ավելացնել մեր արտահանման ծավալները, հատկապես՝ գյուղմթերքի վերամշակման մասով, մի շարք ծառայությունների, ֆինանսական միջնորդությունների մասով: Կգործեն միասնական տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկացում և այլն:

Իհարկե, որոշակի մտահոգություն է առաջացնում նաև 752 զգայուն ապրանքների մասով մաքսատուրքերի պահպանման մեխանիզմն այն իմաստով, որ դրանից դուրս նույնպես ապրանքներ կան, կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ մեր կողմից պարտավորու-թյունների կատարումը մաքսատուրքերի տոկոսադրույքների ավելացման պարագայում ևս դիտարկման առարկա է և այլն:

Ինտեգրման պրոցեսները փոքր և ռեսուրսներով աղքատ պետությունների համար նոր դռներ են բացում: Բայց դրա համար պետք է արժանապատվորեն բանակցել՝ չգնալ միակողմանի զիջումների: Մենք տեսնում ենք, թե Եվրասիական Միության բոլոր երկրներն ինչ համառությամբ են պաշտպանում իրենց սեփական շահերը, ցավոք սրտի՝ երբեմն էլ՝ մեզ հակառակորդ երկրների շահերը:

Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Պուտինի, ինչու չէ՝ թե՛ Նազարբաևի հետ արժանապատիվ բանակցելու հնարավորություններ: Բայց դրա համար պետք է, որ երկրում վերացվի քաղաքական մենաշնորհը:

«Բարգավաճ Հայաստանը» դեմ է էմոցիոնալ ռուսամետության, եվրոպամետության կամ ամերիկամետության գաղափարին, որը, ցավոք, ժամանակ առ ժամանակ դառնում է պետական քաղաքականություն: «Բարգավաճ Հայաստանը» պնդում է, որ երկրում պետք է ձևավորվի հստակ հայամետ, հայաստանակենտրոն, բազմակուսակցական իշխանություն, որն ի զորու կլինի բոլոր մակարդակներում պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը: Ի դեպ, այդպես մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը, և մեզ ավելի կհարգեն թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում:

ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետև այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին. ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնավարությունների համար, որոնք կարղ են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն և մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը: Իսկ թե երբ դա կլինի, կարծում եմ՝ հասկանում են բոլորը:

Այս խորագրի վերջին նյութերը