Քաղաքական

04.12.2014 13:48


ԵՏՄ պայմանագրին ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՕԵԿ–ը՝ կողմ, «Ժառանգությունը»՝ դեմ

ԵՏՄ պայմանագրին ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՕԵԿ–ը՝ կողմ, «Ժառանգությունը»՝ դեմ

ՀՀ ԱԺ–ն ավարտում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի քննարկումը։ Քվեարկությունը պետք է կազմակերպվի այսօր՝ 17:00–ին։

Մինչ այդ խմբակցություններից մի քանիսը ներկայացրել են իրենց տեսակետը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու այս հարցին։

–Մեր հարևան թշնամին՝ իր չեզոք դիրքով, շատ ավելի շահեկան վիճակում է այսօր, քան մենք։ Ես համաձայն չեմ, որ սա միայն տնտեսական ինտեգրման գործընթաց է։ Ընդհակառակը՝ սա բացարձակ քաղաքակա՛ն հարց է։ Մենք մանևրի դաշտը փակում ենք այսպիսով։ Մենք դեմ ենք քվեարկելու, և կխնդրեմ, որ դուք խղճի մտոք քվեարկեք,–ասել է Ռ. Հակոբյանը։

Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա ոչ միայն տնտեսապես է՛լ ավելի ինտեգրվել, այլ սերտացնել մեր հարաբերությունները ԵՏՄ երկրների հետ այլ ուղղություններով ևս։

–Ավելին, խելամիտ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է պատուհան դառնալ ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև։ ՕԵԿ–ը կողմ է քվեարկելու,–հայտարարել է Հ. Բիշարյանը։

ՀՅԴ–ն ևս կողմ է ԵՏՄ–ին միանալուն։ Այդ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ բոլոր տեսակի լիրիկական զեղումների և ուրիշներին դասեր տալու ժամանակը չէ։

–Այսօր դասեր սովորելո՛ւ ժամանակն է։ Մենք ոչ թե լավ այլընտրանք չունենք, այլ այլընտրանք ընդհանրապես չունենք։ Սա ՀՅԴ–ի համար նախ անվտանգության հարց է։ Փորձ արվել է ստեղծել այլընտրանքային անվտանգության համակարգ, բայց չստացվեց։ Թեև Եվրոպայի հետ մեր ճանապարհը փակ չէ մեր ներքին անվտանգության առումով։ Սա մենք էլի կարող ենք անել։ Այսօր պետք է կարողանանք պահել այն, ինչ ունենք, իսկ հետագայի համար շահենք ժամանակ։ Վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին ու իմաստությանը և վարվենք նույն կերպ,–ընդգծել է Ա. Ռուստամյանը։

ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն ևս կողմ են քվեարկելու ԵՏՄ համաձայնագրին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը