Լրահոս

03.12.2014 19:38


Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ. գործարարներին ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ. գործարարներին ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը

2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանն ընդառաջ Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել գործարարների հետ: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարը հայտնել է, որ մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաև «Ավելացված արժեքի հարկի» և «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի ներդրման հետ: Ըստ Վախթանգ Միրումյանի, մշակվել է նաև անուղղակի հարկերի գծով պարտավորությունների հաշվարկման առանձնահատկությունների մասին նախագիծ, որով սահմանվում է ներմուծման հայտարարագրի փոխարինումը հարկայինով: Զգալի փոփոխություններ են նախատեսվում նաև ժամկետների առումով. «Նոր ընթացակարգով մաքսային վճարները կհաշվարկվեն և կվճարվեն ոչ թե տասնօրյա ժամկետում, այլ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը»: Փոխնախարարի խոսքով` երրորդ երկրի հետ ազատ առևտրի ռեժիմի մասով ևս խնդիրներ չկան: Գործարարները դրական են արձագանքել նախատեսվող փոփոխություններին` դրանք համարելով դաշտի պազեցմանն ուղղված նշանակալի քայլ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը