Տնտեսական

03.12.2014 18:41


Հովիկ Աբրահամյան. «Կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական»

Հովիկ Աբրահամյան. «Կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դրամի կտրուկ արժեզրկմանը։ Նա վստահեցրել է, որ հետևում են գործընթացներին. խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է:

–Դա Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում է։ Եթե դրամի փոխարժեքի հետ կապված՝ լինում են խոշոր տատանումներ, իրենք անպայման միջամտում են: Կառավարության համար կարևոր է, որպեսզի տնտեսության տարբեր ճյուղեր օգտվեն հնարավորություններից։ Եվ կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական,–ասել է Հ. Աբրահամյանը:

Նա հավելել է, որ Կառավարությունը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ է անցկացրել, և պարզել, որ գնաճը 5%–ի շրջանակներում է.

–Ես դա նորմալ եմ համարում. ուղղակի դա պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ։ Դա ուղղակի տարածաշրջանային տնտեսության վայրիվերումներն են, մի քիչ էլ՝ մեր ժողովրդի անվստահությունը։ Բայց խնդիր չկա. ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին։ Համոզված եմ, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի:

Դիտարկմանը, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փոխարժեքի տատանումը սպեկուլյացիայի արդյունք է համարում, Հ. Աբրահամյանն արձագանքել է.

–Դեպքեր կան, որ մարդիկ փորձում են այդ իրավիճակն օգտագործել, և անձնական շահ ստանալ։ Մենք դրան հետևում ենք և նման մարդկանց հանդեպ անպայման մեր ադեկվատ վերաբերմունքը կցուցաբերենք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը