Տնտեսական

02.12.2014 18:57


Միքայել Մելքումյան. «Ակնկալում եմ հանրապետության առաջին դեմքերի ուղերձը ժողովրդին» (տեսանյութ)

Միքայել Մելքումյան. «Ակնկալում եմ հանրապետության առաջին դեմքերի ուղերձը ժողովրդին» (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ամբիոնից խոսել է դոլարի նկատմամբ դրամի ռեկորդային արժեզրկման մասին։

–Չի կարելի չնկատել, որ այսօր ՀՀ–ում տեղի է ունենում աննախադեպ երևույթ, և չգիտենք, թե վաղը ֆինանսական, տնտեսական շուկայում ինչպիսի գործընթացներ կլինեն,–ասել է Մ. Մելքումյանը,–անհրաժեշտ է համարժեք ռեակցիա այս իրավիճակին, քանի որ կոնկրետ գնում է ժողովրդի կենսամակարդակի կտրո՛ւկ անկման գործընթաց, աղքատացումը շարունակվում է, և անձամբ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ակնկալում եմ հանրապետության առաջին դեմքերի ուղերձը ժողովրդին։

Կենտրոնական բանկի հայտարարությունը նա բավարար չի համարում, քանի որ փաստ է, որ դրամը չի կայունացել.

–Կարծում եմ՝ պետք է օպերատիվ կառավարման հրատապ միջոցառումներ իրականացվեն. այն 5 հազար դրամ նվազագույն աշխատավարձի աճը կամ բյուջեում 411 դրամ փոխարժեքը, որ արձանագրված է, արդեն իսկ ուշացած և ժամանակավրեպ եմ համարում։ Մարդիկ, ովքեր ունեն դոլարային վարկեր, չպետք է տուժեն։ Պետք է միջանցք տալ, որպեսզի այդ մարդիկ կարողանան վերաձևակերպել։ Դրամային վարկեր ունեցող մարդկանց մասին նույնպես պետք է մտածել։ Եվ, իհարկե, ամենակարևորը, պետք է արտահանման օպերատիվ աջակցության կոնկրետ մեխանիզմներ կիրառվեն, որպեսզի արտահանման ծավալները կտրուկ ավելացնենք։ Որովհետև ա՛յս իրավիճակում տնտեսական գործընթացները, կարծես, կանգ են առնում, որովհետև ռուսական ռուբլով պայմանգրերը կնքվում են, բայց դոլարով՝ ոչ, և առաջանում է վակուում։

ԲՀԿ–ական պատգամավորը վստահ է, որ եթե կորցնենք արտահանումն ավելացնելու մեր մեխանիզմը, և տրանսֆերտները քչանան, չեն լինի նաև ներդրումները, քանի որ անորոշության պարագայում ներդրումներ չեն արվում։

–Ուստի, պետությունը պետք է հանդես գա կոնկրետ օպերատիվ միջոցառումների ծրագրով։ Կարծում եմ՝ նաև մենք պետք է կարողանանք հստակ գնահատական տալ, թե ինչի հետևանք է սա. կան և՛ օբյեկտիվ, և՛ կառավարման համակարգի հետ կապված խնդիրներ։ Սակայն մենք ևս մեկ անգամ տեսանք, որ մեր հանրապետության վրա արտաքին գործոնների ազդեցությունը բավականին մեծ է,–նշել է Մ. Մելքումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը