Լրահոս

01.12.2014 17:48


Նաիրա Զոհրաբյան. «ՀՀ քաղաքացին մեկ բան է ուզում՝ որ իր ձայնը, իր քվեն հասնի տեղ»

Նաիրա Զոհրաբյան. «ՀՀ քաղաքացին մեկ բան է ուզում՝ որ իր ձայնը, իր քվեն հասնի տեղ»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ընտրական օրենսգրքի» փոփոխության մասին հարցի քննարկման ժամանակ նշել է, որ եթե դրան մասնակցեին ընտրական օրենսդրությամբ զբաղվող եվրոպացի փորձագետները, ապա նրանց վստահաբար կթվար, թե մասնակցում են սյուրռեալիստական մի քննարկման։

–Որևէ առնչություն ընտրական համակարգի և ազատ ընտրությունների անցկացման միջև նրանք չէին կարողանա տեսնել: Նրանցից որևէ մեկի համար որևէ կերպ հասկանալի չէր լինի, թե ինչ կապ ունի մեծամասնական կամ համամասնական ընտրակարգը ազատ և արդար ընտրությունների հետ: Բայց եթե նրանք հստակորեն տիրապետեին հայաստանյան իրավիճակին, կհասկանային, որ, այո՛, ուղղակիորեն կապ ունի: Ցավոք սրտի, մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ ընտրական համակարգից շատ բան է կախված,–ասել է Ն. Զոհրաբյանը:
Նա համաձայն է, որ համամասնական ընտրակարգին անցնելն աստվածաշնչյան պատվիրան չէ, և բոլոր խնդիրները դրանով չեն լուծվի.

Մենք ռոմանտիկ չենք և հրաշալի հասկանում ենք, որ ընտրական խայտառակ արատավոր այն համակարգը, որ երկար տարիներ գործում է Հայաստանում, և որևէ կերպ հնարավոր չէ կոտրել, բացարձակապես կապված չէ միա՛յն ընտրական համակարգի հետ: Վստահաբար մեկ բան կարող եմ ասել` հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին մեկ բան է ուզում՝ որ իր ձայնը, իր քվեն հասնի տեղ։ Անկախ նրանից՝ դա կլինի մեծամասնական, թե համամասնական: Եվ ասել, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն ավելի հասանելի են, դա ևս ազնիվ չէ: Դա ևս բլեֆ է, և ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ հենց այստեղ նստած մեծամասնական պատգամավորներից, որոնց իրենց իսկ ընտրողները մեկ անգամ գոնե չեն տեսել:

Նա նաև նշել է, որ կարող է բերել նաև համամասնական ընտրակարգով ընտրված այդպիսի պատգամավորների օրինակներ: Ուստի, խնդիրը ընտրական համակարգը չէ, այլ այն, որ Հայաստանում չկա ազատ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք.

–Այստեղ մեր որոշ գործընկերներ ասացին, որ երկրում համակարգային փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է անպայման գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի, ինչպես նշում են նաև այդ «Սահմանադրական բարեփոխումների» հանձնաժողովի անդամները, մենք սահմանադրական փոփոխությունների օրենքի ուժով մեկ մարդու գերլիազորությունները սեղմենք, և պարտադրենք նրան չօգտվել այդ գերլիազորություններից: Հիմա մենք էլ ասում ենք՝ եկեք օրենքի ուժով, այսինքն՝ անցնելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի, քաղաքական կամքի այդ բացակայությունը փորձենք կոմպենսացնել։ Այսինքն, փորձենք դանդաղ քայլերի ճանապարհով՝ կայացնելով նաև քաղաքական կուսակցությունները, վերացնելով մեծամասնական ընտրակարգի ֆեոդալիզացիան, երբ որ մենք գիտենք, թե ինչպես են ընտրվում: Մեծամասնականն այն ստարտային բոնուսն է, որ իշխող քաղաքական ուժն ունի իր գրպանում:

Հիշեցնելով, որ քաղաքական մեծամասնությունն անընդհատ խոսում է երկխոսության անհրաժեշտության և ոչիշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետերից ցանկացածի շուրջ քննարկում սկսելու պատրաստակամության մասին, Ն. Զոհրաբյանն առաջարկում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխության շուրջ քննարկումից սկսել այդ երկխոսությունը:

Եթե դրանք ընդամենը հայտարարություններ չեն, այլ իսկապես կոնկրետ գործնական առաջարկ, եկեք ազատ և բաց քննարկենք, և կտեսնեք, որ սա՛ է ճանապարհը: Եթե երկրում չկա ազատ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, փորձենք օրենքի ուժով երկիրը բերել օրենսդրական նորմալ զարգացման դաշտ: Սա՛ է միակ ճանապարհը, և ձեր քվեարկությունը ցույց կտա` իրապես քաղաքական մեծամասնությունը պատրա՞ստ է այդ երկխոսությանը, թե՞ շարունակելու է ցանկացած գնով, ցանկացած ճանապարհով և ցանկացած եղանակով պահել իր քաղաքական մենաշնորհը,–եզրափակել է Ն. Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը