Լրահոս

01.12.2014 16:48


Էլինար Վարդանյան. «Դժգոհության ալիքը չի վերանալու»

Էլինար Վարդանյան. «Դժգոհության ալիքը չի վերանալու»

ԲՀԿ–ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հիմա ճիշտ պահն է համարում՝ անցնելու 100% համամասնական ընտրակարգին։ ԱԺ–ում «Ընտրական օրենսգրքի» փոփոխության մասին քննարկման ժամանակ նա նշել է, որ բոլովին վերջերս բոլորը տեսան, թե որքան մեծ է ժողովրդի դժգոհության ալիքը, և դա դեռ սկիզբն է:

–Դժգոհության ալիքը չի վերանալու, և եթե այսպես շարունակվի, ապա առկա են բոլոր նախադրյալները, որ այն խորանալու է: Ես հասկանում եմ, որ այսօր մեծամասնությունը կբերի վաղուց արդեն ծեծված հիմնավորումները, որոնք ոչ մի տեղ չեն տանում: Բայց հավատացեք, որ ձեր այդ հիմնավորումները մարդկանց ամենևին չեն հետաքրքրում,–ասել է նա՝ ընդգծելով, որ եթե քաղաքական մեծամասնությունը գնա այս քայլին, ապա նորմալ ընտրություններ անցկացնելու փայլուն հնարավորություն կստեղծվի.

–Սա կբերի երկրում վստահության մթնոլորտի վերականգնման, իշխանության և հասարակության միջև խոր անջրպետի վերացման, ներքաղաքական կյանքում լարվածության տեսանելի թուլացման: Այս ճանապարհով ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի Հայաստանում ձևավորել նոր քաղաքական իրականություն, նոր իշխանություն՝ հիմնված ժողովրդի քվեի վրա, Սահմանադրության տառին համապատասխան: Եվ ակնհայտ է, որ այս դեպքում հնարավոր կլինի խուսափել բոլոր անցանկալի զարգացումներից, այդ թվում՝ հնարավոր մայդաններից:

Մյուս տարբերակն էլ, ԲՀԿ–ական պատգամավորի խոսքով, այն է, որ մեծամասնությունը հրաժարվում է լսել ոչիշխանական քաղաքական ուժերին և ժողովրդի դժգոհության ձայնը:

–Օգտագործելով ձայների մեծամասնության իր հնարավորությունը՝ մերժում է առաջարկը և անում է հնարավորը մենաշնորհը պահելու ուղղությամբ: Սա նշանակում է, որ իշխանության ներկայացուցիչների, նույնիսկ՝ բարձրաստիճան դեմքերի խոսքերը փափուկ բարձ են, և իրականության ու գործի հետ որևէ կապ չունեն: Բնականաբար, սա բերելու է առաջին տարբերակում բերված հնարավոր զարգացումների լրիվ հակառակ պատկերին՝ ներքաղաքական լարվածության բարձրացում, ժողովրդի դժգոհության ալիքի հզորացում և այս ճանապարհով քաղաքական մենաշնորհի ջարդում: Դուք պարզապես ուրիշ ճանապարհ չեք թողնի,–հավելել է Է. Վարդանյանը:

Ընդգծելով, որ այս օրերին ստեղծվում են համաժողովրդական շարժման շտաբներ, նա ներկայացրել է ժողովրդի հետ նախնական շփումների տպավորությունները։

–Այդ շփումներն ընթանում են տուն առ տուն հանդիպումների ռեժիմով և վկայում են դժգոհության չափազանց մեծ ալիքի և տրամադրությունների մասին: Հավատացնում եմ ձեզ՝ այդ դժգոհության ալիքը ձեր, անգամ՝ մեր պատկերացրածից ավելին է: Այնպես որ, ճիշտ ժամանակն է իրական լուծումներ գտնելու համար: Մենք կատարեցինք քայլը և ձեր քննարկմանն ենք ներկայացրել լուծումներից առաջինը: Հիմա իշխանությունը պետք է որոշի, թե որ ճանապարհով է շարժվելու՝ վստահության և բանակցությունների՞, թե՞ համաժողովրդական բողոքի ալիքների և ցնցումների,–ամփոփել է Է. Վարդանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը