Կարծիք

01.12.2014 13:38


Վստահությունը վիժած վերարտադրություն (ՎՎՎ)

Վստահությունը վիժած վերարտադրություն (ՎՎՎ)

Առօրյա կյանքում վստահությունը դրսևորվում է անձնային հարաբերություններում: Սակայն այն առավել կարևոր նշանակություն ունի կազմակերպությունների, կառույցների, իշխանությունների և պետության նկատմամբ ունեցած հավատի դրսևորման և վստահության պահպանման պարագայում:

Բարոյագիտության արժեհամակարգում որոշակի է վստահության ձեռքբերումը և կորուստը ոչ միայն անձերի փոխհարաբերություններում, այլև այն կարևոր նշանակություն ունի հանրային կյանքում:

Հասարակություն–պետություն փոխհարաբերությունների զարգացումը բերել է նրան, որ սոցիալական տարբեր շերտերի որոշակի դժգոհությունների մշտապես դրսևորումը, ի վերջո, հանգեցնում է վստահության կորստի:

Մեր հանրապետությունում նկատելի է, որ վստահությունը, իբրև երևույթ, ունի առանձնահատուկ դրսևորումներ: Հաճախ այն մեկնաբանվում է իբրև ազգային բնութագիր: Իշխանություններն իշխանական աթոռներում մշտապես ցանկանում են տեսնել իրենց պատկերացմամբ վստահություն ներշնչող անձանց՝ անկախ այն բանից, թե նրանք որքանով են արհեստավարժ և օժտված պետական մտածողությամբ:

Վերջին շրջանում նկատելի է, որ իշխանությունը ձեռնարկում է միջոցներ ամեն գնով և ձևով վերարտադրությունը ապահովելու նպատակով: Անհրաժեշտ է նշել, որ օրվա իշխանությունը ունի վստահության դեֆիցիտ հասարակության շրջանում: Ավելին, իշխանաւթյունը, տարիներ շարունակ չկատարելով իր ծրագրային խոստումները և պարտավորությունները, պարզապես վիժեցրել է վստահությունը:

Վստահության կորստի պայմաններում նույնիսկ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը կորցրեց իր ամենակարող պաշտոնը, և այն ձևակերպվեց հենց այդպես…:

Անձնական կյանքում վստահության կորստի պայմաններում մարդիկ թողնում են ընտանիքը, իսկ պետության նկատմամբ վստահության կորստի պայմաններում մարդիկ արտագաղթում են…:

Պարոնա՛յք իշխանավորներ, վստահության կորուստն ակնառու է և անհերքելի, հետևաբար վերարտադրության ամեն մի դրսևորում, մեծ հաշվով, կդիտարկվի իբրև խաղ հասարակության հետ:

Հասարակությունը հոգնել է իշխանությունների կողմից ձեռնարկած բոլո՛ր խաղերից:

Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը