Կարծիք

25.09.2009 15:36


Ավտորիտար լիբերալիզմը

Ավտորիտար լիբերալիզմը

Մեր մոտ տարածված կարծրատիպի համաձայն՝ լիբերալիզմն անքակտելիորեն կապված է ժողովրդավարության հետ, իսկ ավտորիտարիզմի հիմքում սովորաբար ընկած են լինում սոցիալիզմն ու ազգայնականությունը: Իրականում դա այդպես չէ, և այս զուտ տեսական թվացող հարցն անմիջական կապ ունի նաև մեր այսօրվա իրականության հետ: Երկու խոսքով անդրադառնամ այս խնդրի տեսական և ոչ վաղ անցյալի պատմական առումներին, ապա օրվա կոնկրետիկային:

 Նախ՝ լիբերալիզմը միշտ չի եղել դեմոկրատական, թեև երկուսն էլ ունեն ընդհանրություններ, բայց տարբեր են (այլապես անիմաստ տավտալոգիա կլիներ աշխարհով տարածված լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների անվանումը): Մյուս կողմից, ավտորիտարիզմի հիմք համարվող սոցիալիզմն ու ազգայնականությունը նույնպես իրենց փիլիսոփայական ակունքներով կապված են ժողովրդավարության հետ (առանց ժողովրդավարության՝ ժողովուրդը, որպես ինքնորոշվող սուբյեկտ թեզի, հնարավոր չեն ազգայնականության գաղափարական հիմքերը): Ընդհանրապես, լիբերալիզմը և սոցիալիզմը գաղափարախոսություններ են, իսկ ժողովրդավարությունը՝ հասարակական կարգ, որը կարող է համադրվել կամ չհամադրվել տարբեր քաղաքական գաղափարախոսությունների հետ:

Եթե այժմ դառնանք մեր (ի նկատի ունեմ և՛ հայաստանյան, և՛ ընդհանուր հետսովետական) ոչ վաղ անցյալին, ապա պետք է նկատենք, որ հետսովետական ավտորիտարիզմը հետևանք է ոչ միայն սովետական ռևանշիզմի, այլև հետսովետական լիբերալիզմի: Այդ գործընթացը կարելի է տեսնել թե՛ հետսովետական Ռուսաստանի, թե՛ Հայաստանի պատմության օրինակով: Համառոտ անդրադառնամ երկուսին էլ: Հետսովետական Ռուսաստանի լիբերալներն առաջ եկան ԽՍՀՄ ժողովրդավարացման ալիքի վրա, և, բնականաբար, կիսում և քարոզում էին ժողովրդավարական արժեքները: 80-ականների վերջում նրանք հենց «դեմոկրատներ» ընդհանուր անվամբ էլ հայտնի էին: Շատ շուտով, սակայն, արդեն 90-ականների հենց առաջին տարիներին, երբ «դեմոկրատները» հայտնվեցին իշխանության մոտ, նրանք պարզեցին, որ այլևս չեն վայելում ժողովրդի մեծամասնության համակրանքը: 1993-ին Ռուսաստանում նրանք աջակցեցին խորհրդարանի գնդակահարմանը Ելցինի կողմից, իսկ Պետդումայի առաջին իսկ ընտրություններում պարտվեցին Ժիրինովսկուն և կոմունիստներին (նույնը կրկնվեց և Պետդումայի երկրորդ՝ 1995-ի ընտրություններին): Այս իրավիճակում բնական էր, որ ռուս լիբերալների մոտ վերածնվեց և տարածվեց այն տեսությունը՝ համաձայն որի ժողովուրդը, լինելով «բիդլո», մութ ամբոխ, ի վիճակի չէ ընկալելու իր իսկ շահերը: Հետևաբար, առաջադեմ և ազատադեմ փոքրամասնությունը պետք է առաջնորդի ժողովրդին դեպի ազատ հասարակություն՝ հակառակ նույն ժողովրդի կամքի: (Իհարկե, այս տեսակետը պաշտոնապես չէր հնչեցվում): Ստացվում էր պարադոքսալ իրավիճակ. ժողովրդավարական կոչված ուժերը ժխտում էին ժողովրդավարության հիմնական նախադրյալը՝ ժողովրդի սուբյեկտիվությունը և մեծամասնության կամքի հիման վրա որոշումներ ընդունելու սկզբունքը: 1996թ. ընտրությունների ընթացքում այս գաղափարախոսությունը, մասամբ և քողարկված ձևով, գործի դրվեց: Այդ ընտրությունների ընթացքում ավելի քան ռեալ հնարավորություն կար, որ կհաղթի կոմունիստական թեկնածու Գ. Զյուգանովը: Ռուս լիբերալները, ճիշտ է, չգնացին ընտրությունները բացահայտ և բռնի կեղծելու ճանապարհով, սակայն նրանք բացահայտեցին իրենց համար, այսպես կոչված, «ՓիԱռ»-ը (դրա յուրահատուկ՝ հետսովետական ընկալմամբ)՝ լիբերալ հակադեմոկրատիզմի սիրելի զինամթերքը: Անշուշտ, ինքն իրենով «քաղաքական տեխնոլոգիան» վատ բան չէ: Սակայն միայն մինչ այն պահը, երբ նա պահպանում է քաղաքականության գործիքի իր սկբզնական էությունը: Տվյալ դեպքում «ՓիԱռ»-ը կամ «պոլիտեխնոլոգիան» հանդես եկավ ոչ թե որպես գործիք, այլ որպես բուն քաղաքականությանը փոխարինող իրականություն, որպես գաղափարախոսություն, որը գիտական հիմնավորում էր տալիս հակադեմոկրատական լիբերալիզմին: Եթե հաշվի առնենք այն կատաղի պետական քարոզչությունը Զյուգանովի դեմ, որին լծվել էին այն թվերին ռուսաստանյան բոլոր կոնտրոնական հեռուստատեսությունները, ապա կարելի է ասել, որ 1996-ի ընտրություններն անուղղակիորեն կեղծվել էին: Իհարկե, Զյուգանովի նման տխմար դեմքն իմ աչքի լույսը չէ: Սակայն հարցն այդ չէ: Ես չեմ ուզում նաև հետադարձ կերպով միանշանակ դատապարտել կամ արդարացնել այդ թվերին ձևավորված լիբերալների աշխարհայացքն ու գործելաոճը, քանի որ դրա ձևավորմանը նպաստեցին բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներ: Բայց այսօր արդեն ակնհայտ են այդ քաղաքականության հետևանքները: Կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել առ այն, թե, իրոք, որքան վտանգավոր և աղետալի կարող էր լիներ կոմունիստական ռևանշը Ռուսաստանում, և այդ փաստարկների մի զգալի մասը ճիշտ կլինի: Սակայն խնդիրն այն է, որ 90-ականների լիբերալների հակադեմոկրատական դիրքորոշումը բերեց ոչ թե ազատականության, այլ նոր ավտորիտարիզմի հաստատմանը: 90-ականների երկրորդ կեսի ելցինյան վարչակարգն ինքն իր ներսից ծնեց պուտինյան ռևանշիստական, հակաազատական և ավտորիտար համակարգը: Նախկին լիբերալները, որոնք կանգնած էին այս ամենի ակունքում որպես ակամա գաղափարական հայրեր, հայտնվեցին խաղից դուրս վիճակում: Զյուգանովը ցայսօր էլ կարող է փնթփնթալ «հակաժողովրդական վարչակարգի» դեմ, սակայն նա երբեք չէր կարող անել ավելին սովետականության մասնակի վերականգնման առումով, քան արեց Վ. Պուտինը:

Դժվար չէ նկատել, որ նման գործընթացները բնորոշ էին նաև 90-ակաների Հայաստանին: Ընդհանրապես, ինձ միշտ հետաքրքրել է ընտրակեղծիքներ կազմակերպող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ներքին հոգեբանական հիմնավորումները: Կարծում եմ, որ նրանցից ոչ մեկն էլ ինքն իրեն չի ասել՝ կեղծում ենք, լավ ենք անում. մեզ իշխանություն է պետք: Գրեթե համոզված եմ, որ մտովի նրանք արդարացնում էին և արդարացնում են կեղծիքներն «ազգի շահով». ժողովուրդը չի հասկանում՝ ի՛նչ է անում, ո՛ւմ է ընտրում, ի՛նչ հետևանքների դա կարող է բերել: Եվ չի կարելի միանշանակ պնդել, որ նման մտորումները բացարձակ հիմնազուրկ են եղել: Դրանք, անշուշտ, պարունակել են ճշմարտության մասնիկ: Օրինակ՝ հետադարձ հայացքով պարզ է, որ 1996-ի խայտաբղետ ընդդիմադիր կոալիցիան (ԱԺՄ-Դաշնակցություն-ԱԻՄ) գալով իշխանության՝ հազիվ թե արմատապես բարեփոխեր Հայաստանը, եթե չենթադրենք, որ էլ ավելի ծանր վիճակի կհասցներ երկիրը: Մոտավորապես նույնը կարելի է ասել և 1998-ի Կարեն Դեմիրճյանի, 2003-ի Ստեփան Դեմիրճյանի՝ հնարավոր հաղթանակների մասին: Ամեն դեպքում, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չունեին այն թիմը, որ կարող էր արմատապես բարեփոխել Հայաստանի իրավիճակը: Ուրեմն ի՞նչ. արդարացնե՞նք կեղծողներին: Կարծում եմ՝ ոչ մի դեպքում: Բայց դրա մասին մի փոքր ուշ:

Հիմա ասեմ, թե ինչու հանկարծ հիշեցի այս թեման: Առիթն իմ կողմից հարգված Արամ Աբրահամյանի խմբագրականներից մեկն էր: Այդ խմբագրականում, անդրադառնալով «Ժառանգության» հետ կապված պատմութանը, նա ընդհանրացնում է նաև իր պատկերացրած «ընդդիմադիր հիմնական զանգվածի էությունը»: «Էությունը» բացահայտվում է մի տատիկի օրինակով, որն 90-ականներին ասում էր՝ «թաղեմ Լևոնին», իսկ հիմա ասում է՝ «թաղեմ Սերժին»: Այս զանգվածը պարոն Աբրահամյանին դուր չի գալիս, թեև նա էլ հասկանում է, որ «մեզ պետք են լեգիտիմ իշխանություն, արդար ընտրություններ»: Բայց կարծում եմ՝ այս ճշմարտացի թվացող պնդման մեջ հակասություն կա: Հնարավոր չէ միաժամանակ և՛ արհամարհել զանգվածներին, և՛ ժողովրդավարություն ուզենալ: Հնարավոր չէ էլիտարիստական վերաբերմունք ցույց տալ մեծամասնության նկատմամբ և միաժամանակ արդար ընտրություններ պահանջել: Խնդիրը բարոյական գնահատականը չէ. յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքն ու վերաբերմունքն ունենալ «զանգվածների էության» մասին: Բայց այդ կարծիքն ու վերաբերմունքը պետք է հակասության մեջ չմտնեն հռչակվող աշխարհայացքի հետ: Բացատրե՛ք խնդրեմ՝ ի՞նչ հիմքի վրա մեկը կարող է Սերժ Սարգսյանից պահանջել արդար ընտրություններ, եթե համարում է, որ «զանգվածները», «մեծամասնությունը» անքաղաքակիրթ և անմակարդակ են: Չէ՞ որ սա լավագույն հիմնավորումն է անարդար ընտրությունների համար: Ահա այստեղ է, որ տեսնում ենք, թե որքան ակտուալ է էլիտարիստական և, ըստ էության, ավտորիտար լիբերալիզմի թեման հենց այսօր: Գաղտնիք չէ, որ Արամ Աբրահամյանը տվյալ դեպքում գրում է այն, ինչ շատերը մտածում են, բայց չեն բարձրաձայնում: Ես, անշուշտ, չափազանց հեռու եմ «Առավոտի» խմբագրի պես կայացած և հասուն մարդու հետ, այսպես ասած, «դաստիարակչական աշխատանք» տանելու մտքից, սակայն կարծում եմ, որ ժամանակն է հասկանալ, որ մինչև մենք ամենայն լրջությամբ չվերաբերվենք մեր իսկ հռչակած արժեքներին, մեր Սահմանադրության հիմնարար դրույթներին, Հայաստանը երբեք առաջ չի գնա:

Եթե տեսական մասը մեզ անհամոզիչ է թվում, ապա գոնե անկախության տարիների փորձը պետք է ավելի քան ուսանելի լինի այդ առումով: Երկրի հեռանկարային շահերի տեսակետից ավելի կարևոր են ինստիտուտները, այլ ոչ թե անձինք: Այսինքն, ավելի լավ է թողնել, որ, ասենք, Կարապետիչն իշխանության գա, քան կեղծել ընտրությունները: Եվ, ի դեպ, խնդիրն էլ հենց այն է, որ եթե Հայաստանում կայանար արդար ընտրությունների ինստիտուտը, Կարապետիչի նման առաջնորդները վաղուց արդեն չէին երևա ասպարեզում: Հայաստանի քաղաքական դաշտը կոնսերվացվել է, և նոր մարդիկ գրեթե չեն երևում նաև հենց այդ պատճառով, որ չենք թողել՝ գեթ մի անգամ իշխանափոխություն լինի Սահմանադրությամբ նախատեսված ձևերով:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը