Լրահոս

30.11.2014 20:12


ՀԿԽԸ-ն իրազեկման ակցիաներ կկազմակերպի ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ

ՀԿԽԸ-ն իրազեկման ակցիաներ կկազմակերպի ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10:00-13:00-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` կազմակերպում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարք, որի շրջանակներում ՀԿԽԸ հատուկ պատրաստված երիտասարդ կամավորները Երևանի հինգ դպրոցներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ դասընթացներ են կազմակերպելու 8-9րդ դասարանցիների համար: Դասընթացներն անցկացվելու են ինտերակտիվ` հավասարը հավասարին մեթոդով: Բաշխվելու են նաև տեղեկատվական նյութեր և օրը խորհրդանշող կարմիր ժապավեններ:

Նույն օրը, ժամը 17:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի «Ալեքս և Մարի Մանուգյան» դահլիճում Երևանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների համար կկազմակերպվի կինոդիտում: Երիտասարդները կդիտեն «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմը, կքննարկեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող հարցեր, կստանան տեղեկատվական նյութեր:

1988թ.-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն արդեն միլիոնավոր կյանքեր է խլել:

2011 թ. տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 34 մլն է, արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2.5 մլն նոր դեպք, որոնցից 330 000-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: 2011թ. ընթացքում գրանցվել է ՁԻԱՀ-ից 1.7 մլն մահացության դեպք:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը առողջապահական լուրջ խնդիր է նաև Հայաստանում` հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրում է 3500 մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ_ի կանխարգելման ոլորտում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրերի մասին կարելի է տեղեկանալ ընկերության պաշտոնական www.redcross.am կայքից:

Այս խորագրի վերջին նյութերը