Կարծիք

28.11.2014 00:25


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Խոցված ուղղաթիռը և իշխանավորների էժանագին «PR»-ը

Խոցված ուղղաթիռի զոհված մեր սպաների աճյուններն օրերս հողին հանձնվեցին, ու մի տեսակ հոգիներս թեթևացավ: Թեև, մեծ հաշվով, ինչ թեթևության մասին կարող է խոսք գնալ, եթե զոհ ենք տվել։

Այն օրերին որ մտածում էինք, թե այդպես՝ բաց երկնքի տակ, ընկած են մեր տղաները, ամոթն ու ատելությունը միախառնվել էին, իսկ այդ վիճակի անորոշությունն ուղղակի ոչնչացնում էր մարդու:

Փառք Աստծո, որ հաջող օպերացիայի արդյունքում հնարավոր եղավ մեզ հանել այդ վիճակից: Եվ ժամն է խոսելու այն մասին, թե ինչո՞ւ այդ դեպքը տեղի ունեցավ, ո՞րն էր մեր մեղքն այդ հարցում, և ի՞նչ անենք, որ նման երևույթներ հետայսու չունենանք:
Թշնամու մեղքը գիտենք ու պատժելու անհրաժեշտությունն էլ գիտակցում ենք, և եթե հանկարծ անհամարժեք կամ, ծայրահեղ դեպքում, գոնե համարժեք պատասխանն ուշանա, ապա դա մեզ համար ուղղակի կլինի ազգային խայտառակություն:
Եթե թշնամին այնքան լկտի էր, որ մերժում էր անգամ միջազգային հանրության հորդորները՝ թույլ տալ տարհանել մեր սպաների դիակները, ինչպես լկտի ձևով էլ իրականացրեց այդ պրովոկացիոն քայլն ու խոցեց մեր ուղղաթիռը, ու զօրուգիշեր ուղղաթիռի տարածքը կրակի տակ էր պահում, դրանից հետո եթե հաջողվել է վերադարձնել մեր սպաների դիակներն, ու դրա արդյունքում հակառակորդը զոհեր է ունեցել, դա համարել համարժեք պատասխան ուղղակի անլուրջ է: Եվ կարիք չկա ինքնագոհ ձևով մեզ տրամադրելու, թե՝ տեսա՞ք՝ ինչ արեցինք: Մինչդեռ, մեր իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքանության արդյունքում է պարտված թշնամին լկտիացել, իսկ հաղթանակած բանակ ունեցող ժողովուրդը պիտի ուրախանա՞, որ դիակները հետ ենք բերել: Մի՞թե մեր հաղթած բանակի առաքելությունը դարձել է դիակներին տեր կանգնելը։

Տեսանք, թե ինչ շուքով թաղեցին մեր զոհված սպաներին: Արժանի էին նման պատվի, իհարկե, բայց մի՞թե նման փառքուպատվի արժանի չեն շփման գծում գրեթե ամեն օր զենքը ձեռքին թշնամու գնդակից զոհվող մեր զինվորները, ինչո՞ւ նման վերաբերմունք չենք տեսնում նաև նրանց հանդեպ: Որովհետև իշխանություններին պետք էր դիակները բարեհաջող կրակի տակից հանելու օպերացիան այնպես պրոպագանդել, որպեսզի դրանով իրենց քննադատողների բերանը փակեին:

Հիմա մի շարք հարցեր են առաջանում։

Նախ՝ ի՞նչ գործ ունեին մեր ուղղաթիռները շփման գծին այդքան մոտ: Եթե ասում են, թե, իբր, դժվար իրավիճակում էին հայտնվել, ու ոչ մի մարտական, հեռախուզական նպատակ չէին հետապնդում, ապա ի՞նչ իմաստ ուներ զոհվածներին հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրելը: Մեծարե՛ք, դրամական օգնություն ցուցաբերեք ընտանիքներին, հուղարկավորության ծախսերը պետության վրա վերցրեք: Բայց ի՞նչ արիության մասին է խոսքը, եթե ընդամենը ուղղաթիռի անսարքության կամ այլ պատճառով հարկադրաբար մոտեցել են շփման գծին, իսկ հակառակորդի հարվածը չեն էլ զգացել: Ի՞նչ է՝ պայքա՞ր է եղել, մարտական գործողություննե՞ր են եղել:

Ախր, զինվորական խրախուսանքը կոնկրետ ձևակերպում ունի. այն հաճոյախոսություն չի, որ մի քիչ էլ ավել ասվի, չէ՞ որ դրանով խոստովանում եք, որ մարտական հանձնարարություն են կատարել, ոչ թե վթարային իրավիճակ է եղել:
Արիության մեդալ ու մի բան էլ ավելի արդարաբար կարելի է տալ փայլուն օպերացիան իրականացրած մեր զինվորներին, ովքեր գիտակցաբար կյանքը վտանգելով գնացին ու տարհանեցին մեր սպաներից մեկի դիակը, մյուսների մասունքները: Եվ ամենևին կարիք չկար, որպեսզի Սերժ Սարգսյանը հոգեհանգստի արարողությանը մասնակցեր ու կյանքը վտանգելու գնով զոհված տղաների դիակները վերադարձրած մեր հերոս տղաների փառքին «սաշիկաբար» փայ մտներ: Մինչդեռ, Սարգսյանի անելիքն այնքանը պետք է լիներ, որ թշնամին նման հանդուգն քայլի չգնար: Մերոնք զոհվել են Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով. թշնամին լկտիացել է Հայաստանի շարունակական թուլացման ֆոնին։
Ու, բացի այդ, զենքը ձեռքին շփման գծում ո՞ր զոհվածի հոգեհանգստին է մասնակցել Սարգսյանը: Ի դեպ, կուզենամ, որ ինձ ճիշտ հասկանաք, առանց էմոցիաների։ Էմոցիան լավ կլինի դրսևորել իշխանավորների էժանագին «փիառ» փորձերի կապակցությամբ։

Հ.Գ.։ Մենք իրավունք ունենք պահանջելու, որպեսզի խոցված ուղղաթիռի հետ կապված բոլոր հարցերը պարզաբանվեն, մեղավորները պատժվեն, ու ոչ մի պարագայում պատասխանատուներին չթաքցնեն կյանքը վտանգած ու փայլուն օպերացիա իրականացրած մեր տղաների թիկունքում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1505372899734492&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը