Քաղաքական

27.11.2014 14:21


Միքայել Մելքումյան. «100% համամասնականին այլընտրանք չկա»

Միքայել Մելքումյան. «100% համամասնականին այլընտրանք չկա»
Այսօրվա ասուլիսին Միքայել Մելքումյանը պատասխանելով նախօրեին Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարությանը, թե Կառավարությունը նույնիսկ առաջարկել է, որ 10-րդ կետից սկսեն, ասել է. «Ասելը մի բան է, անելը՝ մեկ այլ բան։ Այս փոփոխություններն ամբողջ ՀՀ–ին ու ժողովրդին են անհրաժեշտ, իսկ և՛ իշխանությունը, և՛ ոչ իշխանությունը ժողովրդի մասն են, ուրեմն դա անպայման բխում է նաև նրանց շահերից։ Եթե միայն քանակական վեկտորով չնայենք, այլ նաև՝ որակական, այո, ես կանխազգում եմ, որ իշխանությունը գնալու է նաև այդ հարցի խորության քննարկմանը, բայց, նորից եմ կրկնում, մենք կողմնակից ենք հստակ 100% համամասնականի»։

Ասուլիսին ներկա ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ հարցին՝ եթե արտահերթ նիստը հրավիրվի համամասնականի հարցով, ՀՀԿ–ն կմասնակցի՞, պատասխանել է՝ ոչ։

Լրագրողի հավելյալ հարցին՝ այդ դեպքում քննարկումն ինչպես ե՞ն պատկերացնում, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է. «Շատ պարզ. կարելի է նստել սեղանի շուրջ։ Գիտեք, արտահերթ նիստի ժամանակ բերած հարցերը ես համարում եմ հում հարցեր, որոնք պետք է սեղանի շուրջ մասնագետների հետ քննարկվեն. երբ ինչ–որ համաձայնության կգան, նոր փորձեն մտցնել խորհրդարան»։

«100% համամասնականին այլընտրանք չկա։ Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը...»,– շեշտել է Մելքումյանը՝ հավելելով, որ արտահերթից առաջ քննարկելու խնդիր չի տեսնում։
Ինչ վերաբերում է 12 կետերին, ԲՀԿ պատգամավորը հիշեցրել է, որ կան կետեր, որոնք ռեսուրս չեն պահանջում. պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ։

Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելը Մելքումյանը մեկնաբանել է օրինակով. «Պատկերացրե՛ք՝ դուք շենք եք կառուցում, ունեք ծրագիր։ Ճարտարապետները հավաքվել են, դիզայներները, կոնստրուկտորները, որոնք ամրություններ են տալիս ձեր ապագա կառույցին, ձեր ծրագրով գնում եք շենքը կառուցելու, որը մեկ օրում չեք կառուցելու, և հանկարծ առաջարկում են, որ այդ կառուցվածքում մի նոր փոփոխություն արվի։ Դուք ի՞նչ կանեք...»։
Պատգամավորն ընդգծել է, որ «եռյակի» պայքարը ոչ թե «դեմ»–ի, այլ «հանուն»–ի համար է։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը