Լրահոս

27.11.2014 11:46


Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաջին Լուսավորիչների բերկրառատ տոնին Մայր Տաճարում, ժամը 10.30-ին կմատուցվի սուրբ և անմահ Պատարագ:

Այս առիթով Մայր Տաճար կբերվի Սուրբ Գեղարդը, որով հնարավորություն կընձեռվի ուխտավորներին երկրպագելու և հրաշագործ Սուրբ Գեղարդից ստանալու բաշխվող օրհնությունն ու շնորհները: Ս. Գեղարդը Միածնաէջ Տաճարում կմնա մինչև նույն օրվա երեկոն:

Տեղեկանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ սրբություններից ու մասունքերից մեկն Աստվածամուխ Սուրբ Գեղարդն է, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այդ մասին Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34):

Ըստ եկեղեցական ավանդության, Տերունի այս սրբությունն առաջին դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից` Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի վերանվանվել է Գեղարդավանք:

18-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է համայն հայության հոգևոր կենտրոնում:

Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով 18-19-րդ դդ. ընթացքում այն մի քանի անգամ տարվել է Հայաստանի տարբեր գավառներ, ինչպես նաև ուղարկվել է Թբիլիսի (Վրաստան):

Այս խորագրի վերջին նյութերը