Կարծիք

26.11.2014 15:57


Արմինե Ամիրյան

Արմինե Ամիրյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, նույն ինքը` Բազազը, ոստիկանական համակարգին հրաժեշտ տալուց հետո կարծես թե երկար չի նոր աշխատանք փնտրել: Այն բանից հետո, երբ նրա ազատ ժամանակն ավելացել է, Մելքոնյանը լծվել է ամեն պատեհ-անպատեհ առիթով իշխանություններին պաշտպանելու գործին: Արդեն վաղուց հայտնի փաստ է, որ նախկին ոստիկանը «չի սիրում» «եռյակին», և պահը բաց չի թողնում նրան քննադատելու և, միաժամանակ, իշխանություններին իր հավատարմությունն ապացուցելու համար` համատեղելով հաճելին օգտակարի հետ:
Սակայն, հատկանշական է, որ նույն այդ Մելքոնյանը այժմ նետվել է «մարտի դաշտ» ու մեծ ոգևորությամբ ու եռանդով պաշտպանում է «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին, ով, հիշեցնեմ, առաջարկում է ստորագրահավաք սկսել և պահանջել գործող նախագահի հրաժարականը:
Փաստորեն, շատ խառը բան է ստացվում: Հիմա Ռոբերտ Մելքոնյանի մոտ կամ անձի երկատում է, ու նա իրականում չի կողմնորոշվում՝ այս պարագայում ի՞նչ անել` պաշտպանե՞լ գործող իշխանություններին, թե՞ պահանջել նրանց հրաժարականը, իսկ վերևներից կոնկրետ հրամանը դեռ չի ստացվել… Կամ էլ Մելքոնյանն ուղղակի մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ «թունդ ընդդիմադիր» գործչի դիրքերից է հանդես գալիս, խառնել է նրան ՀՀԿ շարքային պատգամավորների հետ ու, սովորության համաձայն, իր պարտքն է կատարում` պաշտպանում Նիկոլին:
Ցանկացած դեպքում պետք է նշել, որ Մելքոնյանն իր գործն այնքան էլ լավ չի կատարում: Նիկոլին պաշտպանելով՝ նա ոչ թե օգուտ է տալիս իշխանություններին, այլ հակառակը` մեծ վնաս հասցնում, քանզի ամբողջությամբ բացում է նրանց խաղաքարտերը ու հասկանալի դարձնում Նիկոլի այս բեմադրության իրական նպատակը:
Հ.Գ. «Եռյակի» գործունեությունից իշխանություններն այնքան են իրար խառնվել, որ, կարծում եմ, շուտով ականատես կլինենք, թե ինչպես է ամենակարկառուն հանրապետականներից մեկը` ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի ղեկավար Փուչիկ Կարենը, հայտարարելու, որ լիովին կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, ու սատարում նրա` իմպիչմենտի արդար նախաձեռնությունը, իսկ դրան չմիացողը «սրիկա ու դավաճան» է: Ախր, մեր իշխանություններից ամեն ինչ է սպասելի։

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը