Լրահոս

26.11.2014 15:13


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահին

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ նոյեմբերի 25-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։

Զրույցի ընթացքում կարևորվեց երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ խորհրդարանական ձևաչափը կարևոր դեր է խաղում` միջպետական համագործակցության զարգացման համար, և խորհրդանշական համարեց, որ իր գլխավորած պատվիրակության կազմում է Հայաստանի Ազգային ժողովի` Շվեդիայի հետ բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը։

Ուրբան Ահլինն ու Էդվարդ Նալբանդանը կարևորեցին միջազգային կազմակերպությունների և դրանց խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության սերտացումը։

Շվեդիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին` տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։

Հանդիպմանը արծարծվեցին Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։

Ռիկսդագում Հայաստանի արտգործնախարարի պատվին աշխատանքային ճաշ կազմակերպվեց, որին ներկա էին խորհրդարանի փոխնախագահ Էսաբել Դինգիզյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը և տարբեր կուսակցություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներ, որոնց հետ մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների, մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության գործուն ձևաչափ:

Պատգամավորների հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը