Լրահոս

26.11.2014 12:24


Քննարկվել են մայրական մահացության դեպքերը

Քննարկվել  են  մայրական մահացության դեպքերը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախագահությամբ տեղի ունեցավ մայրական մահացության, մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստը։

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մայրական մահացության դեպքերի վերլուծության նպատակը, անկախ իրավական և վարչական տույժերից, կազմակերպչական և բժշկական բացթողումների առկայության բացահայտումն է և առաջիկայում դրանց բացառումը։

Մանրամասն ներկայացվեցին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Խորհրդի անդամների լրացուցիչ հարցերն ուղղված էին ստեղծված իրավիճակների և իրականացված քայլերի առավել հստակ գնահատմանը։

Օրակարգում ընդգրկված դեպքերը մանրամասն վերլուծության ենթարկվեցին։ Խորհրդի անդամներն ու նախարարության գլխավոր մասնագետները ներկայացրեցին իրենց տեսակետները։

«Մայրական մահացությունն ամենից ցավոտ հարցն է, և պետք է ամեն ինչ անենք դրանք հնարավորինս կանխելու համար»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ բուժհիմնակներում թույլ տրված կազմակերպչական բացթողումների համար հավասարապես պատասխանատու են ինչպես հերթապահող կամ վարող բժիշկները, այնպես էլ` բուժհաստատությունների ղեկավարները։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել առաջնային օղակի մանկաբարձագինեկոլոգիական բոլոր կազմակերպություններին, որպեսզի խստորեն հետևեն հղիության վարման և ծննդալուծման գործող չափորոշիչներին։ Նախարարը միաժամանակ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարեց մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հղիության վարման գործող չափորոշիչներում փոփոխություններ կատարելու, մասնավորապես` հղիության միջին ժամկետում էլեկտրասրտագրություն ներառելու մասին։

Արմեն Մուրադյանն առաջնային օղակի և ծննդատների մասնագետներին խստորեն հանձնարարեց աշխատել համագործակցված, հղիներին այս կամ այն բուժհաստատություն ուղեգրելիս լիարժեք տեղեկատվություն տրամադրել, այնուհետև հետաքրքրվել նրանց հետագա վիճակով։

Նաև հանձնարարվեց Արմավիրի և Գավառի մարզերի հղիների մահվան դեպքերը ևս մեկ անգամ խորությամբ քննարկել առողջապահության վարչություններում` ուշադրության կենտրոնում պահելով բոլոր մանրամասներն ու հանգամանքները։

Այս խորագրի վերջին նյութերը