Կարծիք

24.11.2014 13:04


Գրիգոր Աթանեսյան

Գրիգոր Աթանեսյան

Բոլոր էն մարդկանց (լինեն իշխանության պատվերով աշխատողներ, թե պարզապես քաղաքական գործընթացներից գլուխ չհանող մարդիկ), ովքեր պնդում են, թե «եռյակը» չունի հետագա քայլերի «քարտեզը», խորհուրդ կտամ լսել Վահե Հովհաննիսյանի հարցազրույցը, որից պարզ է դառնում, որ «եռյակի» ուժերը շատ էլ լավ պատկերացնում են, թե էս կամ էն իրավիճակից ելնելով՝ ինչ քայլերի է պետք դիմել:

Ընդհանրապես, Հովհաննիսյանի ելույթից կցանկանայի մի քանի կարևոր կետ առանձնացնել, որոնք, կարծում եմ, շատ լավ նկարագրում են «եռյակի» պատկերացումներն իշխանափոխության գործընթացի և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ.

1. «Եռյակի» կողմից հրապարակված 12 կետերը էսօր արդեն ոչ թե կոնկրետ ուժերի պահանջներն են, այլ ամբողջ հասարակության, քանի որ հասարակությունը, գալով Ազատության հրապարակ և ներկա գտնվելով «եռյակի» հանրահավաքներին, դե ֆակտո լեգիտիմացրել է էդ պահանջները:

2. Հրապարակված 12 կետերն իրականում էն փրկօղակը չէ, որը կարող է, էսպես ասած, «բուժել» երկրի քայքայված ու ավիրված տնտեսությունը: Դրանք էն կետերն են, որոնց լուծումը, սակայն, կարող է էապես թեթևացնել ժողովրդի հոգսերը, ինչից հետո անցում կկատարվի ավելի լուրջ և ծանրակշիռ խնդիրների լուծման:

3. 12 կետերի և հետագա պահանջների իրականացմանը հնարավոր է հասնել միայն հասարակության ճնշումը մեծացնելով, այլապես իշխանությունը մատը մատին չի կպցնի ժողովրդի պահանջները կատարելու համար:

4. Որպեսզի հասարակության ճնշումը համակարգված տեսք ստանա և արդյունավետ լինի, անհրաժեշտ է ստեղծել էնպիսի կառույցներ, որոնք կկատարեն ժողովրդին մոբիլիզացնելու գործիքի դերը: Հենց դրանով է պայմանավորված համաժողովրդական շտաբներ ձևավորելու սուր անհրաժեշտությունը, և որքան ավելի արագ արվի էդ աշխատանքը, էդքան ավելի արագ հնարավոր կլինի արձագանքել իշխանության քայլերին և հասնել ժողովրդի պահանջների կատարմանը: Բացի այդ, շտաբները պետք է նաև լուրջ գաղափարական աշխատանք կատարեն` երկրում փոփոխություններ կատարելու սուր անհրաժեշտության գաղափարով վարակելով նույնիսկ ամենահեռավոր գյուղերը: Այսինքն, տեսական դժգոհությունը անհրաժեշտ է վերածել օրակարգային պահանջի: Հետագայում շտաբները պետք է նաև նախընտրական շտաբների ֆունկցիաներ կատարեն:

5. Հաջողությանը հնարավոր չէ հասնել միայն հանրահավաքներ անցկացնելով, քանի որ անհրաժեշտ է ավելի համակարգված մոտեցում: Այդ իսկ պատճառով շտաբներն ու զանգվածային միջոցառումները պետք է իրար համալրեն:

6. «Եռյակը» չպետք է դառնա ինչ-որ էլիտար փակ ակումբ, այլ հակառակը` պետք է ջանքեր գործադրի, որպեսզի համաժողովրդական շարժմանը միանան նաև այլ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հասարակական շարժումները և ակտիվ քաղաքացիները, ինչը նույնպես թույլ կտա մոբիլիզացնել հասարակությունը:

7. Էսօր իշխանություններն ունեն բոլոր ռեսուրսներն ու լծակները, որպեսզի կատարեն ժողովրդի պահանջները: Տվյալ պարագայում գոյություն ունի 2 սցենար՝ կա՛մ իշխանությունները կամք են դրսևորում ու կատարում են ժողովրդի պահանջները (խոսքը ոչ միայն 12 կետերի, այլ նաև դրանց հաջորդող պահանջների մասին է), կա՛մ ժողովրդի ճնշումը մի քանի անգամ մեծանում է: Կարծում եմ, որ երկրորդ սցենարը ոչ մի դեպքում չի բխում իշխանությունների շահերից, քանի որ մենք բազմաթիվ պատմական օրինակներ ունենք, երբ ժողովրդի ճնշման մեծացումը բերում էր իշխանությունների համար ոչ ցանկալի հետևանքների:

Վ. Հովհաննիսյանը նաև մի շատ կարևոր բան նշեց՝ կապված ԲՀԿ-ի հետ երկկողմանի աշխատանքի հետ: Նա նշեց, որ եթե կան ուժեր, որոնք էս կամ էն հանգամանքներից ելնելով՝ ցանկանում են անձամբ ԲՀԿ-ի հետ համագործակցել, ապա ԲՀԿ-ն բաց է երկկողմանի աշխատանքի համար: Սա, կարծում եմ, ևս շատ կարևոր հանգամանք է, որը հնարավորություն կտա մոբիլիզացնել հանրությանը` չանտեսելով նաև գաղափարական սեգմենտը:

Էս ամենը, կարծում եմ, առավել քան հստակ ցույց է տալիս, որ «եռյակը» շատ կոնկրետ պատկերացումներ ունի թե՛ երկրում ստեղծված իրավիճակի, թե՛ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ քայլերի մասին:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը