Լրահոս

24.11.2014 09:46


«Բաց Խաղ» առաջնության հաղթող խաղը ներկայացվեց միջազգային մրցույթ-ցուցադրությանը

«Բաց Խաղ» առաջնության հաղթող խաղը ներկայացվեց  միջազգային մրցույթ-ցուցադրությանը

Նոյեմբերի 10-12–ը Բելգրադում անցկացվեց «Casual Connect» համակարգչային խաղերի համաժողովը և նրանց կից «IndiePrize» «ինդի» խաղեր նախագծողների մրցույթ-ցուցադրությունը, որին մասնակցեց նաև «Բաց Խաղ» առաջնության կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը՝ ի դեմս առաջնության ղեկավար Շուշանիկ Վարդանյանի և առաջնության հաղթող մասնակից Հենրիկ Հակոբյանի՝ «Choppy Fish» խաղով: Խաղը ներկայացվեց նաև «InDiePrize» մրցույթ-ցուցադրությանը: Համաժողովը լի էր թեմատիկ դասընթացներով, գործարար ներկայացումներով և հաջողության պատմություններով, որի մասնակցությունը մեծ փորձ էր մասնակիցների համար:

Մրցույթի ժյուրիի անդամների և ներկա ընկերությունների կողմից մեծ էր հետաքրքրությունը Հայաստանից ներկայացված «Choppy Fish» խաղի նկատմամբ, որը գրավեց ներկաների ուշադրությունը իր գրաֆիկական լուծումներով և ավարտուն տեսքով: Այն, ընդհանուր առմամբ, չէր զիջում ներկայացված մասնակիցների խաղերին:

Ըստ 18–ամյա Հենրիկ Հակոբյանի՝ համաժողովի և մրցույթի մասնակցությունը տվեց իրեն նոր կապեր ոլորտի ընկերությունների հետ, որոնց առաջարկների և խորհուրդների հիման վրա հետագայում կկատարի որոշ փոփոխություններ ներկայացված խաղում: Խաղի զարգացման և հրատարակման համար Հենրիկին եղան նաև մի շարք առաջարկներ առաջատար ընկերությունների կողմից:

Ըստ Շուշանիկ Վարդանյանի՝ համաժողովի և մրցույթի մասնակցությունը պետք է դարձնել շարունակական, ինչը հնարավորություն կտա հայ երիտասարդներին՝ ծանոթանալու միջազգային փորձին, ցուցադրելու իրենց աշխատանքը և մտքերը, հաստատելու ընկերական և գործընկերային հարաբերություններ ոլորտի ընկերություների և անհատների հետ:

Համաժողովին ձեռք բերած կապերը մեծ հնարավորություններ կստեղծեն՝ զարգացնելու «Բաց Խաղ» առաջնությունը, դարձնելու այն միջազգային: Առաջնության շրջանակներում կազմակերպվելու են դասընթացներ և հանդիպումներ առաջատար ընկերությունների մասնագետների հետ:

Շ. Վարդանյանը, եզրափակելով, նշեց, որ արդեն իսկ 2015 թվականին ակնկալում են հայ երիտասարդների ակիվ մասնակցությունը «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությանը, որը խոստանում է ավելի մեծ միջազգային հնարավորություններ և կապեր ստեղծելու հնարավորություն:

Այս խորագրի վերջին նյութերը