Լրահոս

21.11.2014 15:30


Իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը

Իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև):

Նա շնորհավորել է դեսպան Պրահին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նա նշել է, որ հայ և սլովեն ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հիմքի վրա Հայաստանը և Սլովենիան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողությամբ զարգացնում են միջպետական հարաբերությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այդ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալից են եղել հատկապես 2010 և 2011 թվականները, երբ երկու երկրների նախագահները բարձր մակարդակի հանդիպումներ ունեցան, որոնց արդյունքում զգալիորեն հարստացվեց համագործակցության իրավապայմանագրային դաշտը, նոր մակարդակի բարձրացվեց քաղաքական երկխոսությունը, տնտեսական ոլորտում որոշակիորեն աշխուժացավ փոխգործակցությունը:

Սերժ Սարգսյանը և դեսպան Նատաշա Պրահը երկուստեք կարևորել են հաճախակի փոխայցելությունները, սերտ համագործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Սլովենիայի դեսպանը նշել է, որ ընտրություններից հետո իր երկրում վերջերս ձևավորված խրհրդարանն սկսել է գործունեությունը, և երկրի իշխանություններին կառաջարկի օրենսդիր մարմնում ստեղծել Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ՝ այդ մակարդակում ևս խթանելու սերտ գործակցությունը:

Դեսպան Պրահի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է նաև տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները:

Սլովենիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Այս խորագրի վերջին նյութերը