Քաղաքական

21.11.2014 13:15


Երվանդ Բոզոյան. «Քաղաքակիրթ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է»

Երվանդ Բոզոյան. «Քաղաքակիրթ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայաստանյան այսօրվա ներքաղաքական իրականությունը երկու բևեռի է բաժանում՝ մի բևեռում իշխանությունն է, մյուսում՝ երեք խոշոր կուսակցությունները, որոնց համագործակցությունն արդեն իսկ վերածվել է համաժողովրդական շարժման։

–Հայաստանի պատմության մեջ մի քանի անգամ եղել են բողոքական շարժումներ, բոլորը՝ հետընտրական։ Եվ առաջին անգամ է ՀՀ պատմության մեջ, որ քաղաքական դաշտն ակտիվացել է ոչ թե ընտրական պրոցեսների հետ կապված, այլ հանրությանը հուզող սոցիալական խնդիրների,–ասել է «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հյուրընկալված Ե. Բոզոյանը։

Նա հիշեցրել է, որ ընդդիմության կողմից նախ դրվեց վարչապետի հրաժարականի պահանջը, և պատրաստվում էին լայնամասշտաբ զանգվածային գործողություններ անցկացնել։ Այդ իրավիճակը լիցքաթափելու համար իշխանությունը պաշտոնից հեռացրեց վարչապետին։ Այնուհետև ընդդիմությունը համակարգեց ժողովրդի դժգոհությունները և առավել ճչացող խնդիրները 12 կետի տեսքով ներկայացրեց իշխանությանը։ Սահմանված ժամկետում իշխանությունը մերժեց դրանք կատարելու պահանջը, և, քաղաքագետի խոսքերով, ընդդիմությանը ոչինչ չէր մնում, քան կատարելու հաջորդ քայլը՝ հանրահավաքում հայտարարելով, որ դրանք ժողովրդի՛ պահանջներն են, և եթե չիրականացվեն, ապա ընդդիմությունը կգնա ժողովրդին մոբիլիզացնելու և արտահերթ ընտրություններ պատրադրելու ճանապարհով։

–Սա սթափեցրեց իշխանություններին, և հիմա այդ 12 կետերը հետ պտտեցնելու ջղաձիգ քայլեր են սկսել անել։ Ես մեկ անգամ ընդգծեմ, որ վերջին 23 տարվա ընթացքում ընդդիմությունն առաջին անգամ խոսում է շատ պարզ լեզվով և ներկայացնում է ժողովրդի պահանջները։ Առաջին անգամ ընդդիմությունը բավականին գրագետ քաղաքական օրակարգ է ձևակերպել՝ 12 կետերը լուծելը, «Ընտրական օրենսգիրքը» փոխելը և սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելը,–նշել է Ե. Բոզոյանը։

Նա պարզաբանել է, որ գործող Սահմանադրությամբ՝ Սերժ Սարգսյանը չի կարող այլևս երրորդ անգամ նախագահ դառնալ, և որպեսզի լեգիտիմացնի իր իշխանությունը, փորձում է նախագահի ինստիտուտն ամբողջությամբ վերացնել, և ԱԺ նախագահի կարգավիճակով կառավարել Հայաստանը.

–Սա զայրացրել է ողջ ժողովրդին. բոլոր առումներով տապալված իշխանությունը մի բան էլ փորձում է վերարտադրվել։ Սա արդեն լկտիություն է։ Չորրորդ կետը, որն արդեն առաջ է քաշել ընդդիմությունը, արտահերթ ընտրություններ անցկացնելն է։ Այսօր Հայաստանի առջև կա երկու ճանապարհ՝ կա՛մ կգնա բավականին քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն՝ հանգուցալուծումը կլինի ինչ–որ կոմպրոմիսով, կա՛մ կգնա ուկրաինական սցենարով։ Ի դեպ, երբ իշխանությունն իրեն ամեն կերպ պահում է անմեղսունակի պես, տանում է հենց ուկրաինական սցենարին։

Քաղաքագետը չէր ուզենա, որ գործընթացը զարգանար հենց ուկրաինական սցենարով, և հենց հրապարակից հեռացվեր Սերժ Սարգսյանը, քանի որ դա ողջ երկրի համար հղի է վատ հետևանքներով, ինչպես եղավ Ուկրաինայում։

–Հանգուցալուծման քաղաքակիրթ ճանապարհը մոտ ժամանակներս՝ ամիսների ընթացքում, երկկողմանի որոշում կայացնելն է և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ Այս դեպքում, երբ ընդդիմությունը հաղթի ընտրական պրոցեսները, ամեն ինչ կգնա ոչ թե ուկրաինական, այլ վրացական սցենարով։ Հայաստանն ունի շանսը՝ գնալու վրացակա՛ն տարբերակով, կրնում եմ՝ մի քանի ամիս հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի համար բոլոր նախապայմանները կան,–ասել է Ե. Բոզոյանը՝ հիշեցնելով նաև, որ անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ երկրի ներսում չունի թշնամիներ, և իշխանափոխությունը չի հանգեցնելու «վհուկների որսի», կուլակաթափության պրոցեսներ չեն լինելու։

–Հայաստանն ունի այդ պատմական շանսը, և դրան պետք է բոլորս նպաստենք։ Ամբողջ Հայաստանում ժողովրդին արթնացնելու, վախի մթնոլորտը վերացնելու համար էլ շտաբներն են ձևավորում։ Դա կնպաստի, որ զարթոնքը ոչ միայն լինի Ազատության հրապարակում, այլ նաև հեռավոր գյուղերում և քաղաքներում։ Մենք տեղերում պետք է փոխենք մթնոլորը, և դա պետք է ազդի նաև իշխանական բուրգի վրա։ Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կարելի է անցկացնել երկխոսություն։ Պառլամենտում էլ կարելի է «Ընտրական օրենսգիրքը» փոխելու շուրջ երկխոսել։ Մնացած այլ խնդիրների շուրջ վիրավորական է երկխոսություն առաջարկելը։ Առանց ԸՕ–ի փոփոխման՝ արտահերթ ընտրություններն անիմաստ կլինեն։ Կրկնում եմ՝ ամբողջական և արագ փոփոխությունը կհանգեցնի էքսցեսների։ Իսկ վերոնշյալը կլինի այն պատմական կոմպրոմիսը, որը թույլ կտա Հայաստանին հասնել անցնցում փոփոխությունների,–ընդգծել է Ե. Բոզոյանը։

«7oր»–ի հարցին՝ որտե՞ղ է երաշխիքը, որ այդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ գործող իշխանությունը չի կեղծի, քաղաքագետը պատասխանել է.

–Եթե ընդդիմության կողմից լինի միասնական հարթակ, եթե ամբողջ երկրով մեկ գործեն միասնական շտաբները, ապա ստացված ձայները հնարավոր կլինի պահել։ Միասնական ընդդիմությունն ունի այդ ձայները պահելու ռեսուրսը, և շտաբների համակարգման դեպքում իշխանությունը չի կարողանա կեղծել արտահերթ ընտրությունները։ Սպասել իշխանությունից, որ ինքը բարի կգտնվի, և չի կեղծի, իլյուզիա է։ Իսկ միասնականության դեպքում կուզի կեղծել, բայց չի՛ կարողանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը