Կարծիք

20.11.2014 22:45


Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյան

Անհեթեթությունն էլ չափ ու սահման ունի, բայց ո՛չ գործող իշխանության համար։
Երբ ԲՀԿ–ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ–ը բացահայտ «գրողի ծոցն» ուղարկեցին 12 կետերի շուրջ իշխանության ծրագրած «գյալաջին», վերջիններին այլ բան չմնաց, քան ակնհայտ սուտ ու անհեթեթ հակափաստարկներ բերելը։
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում, փաստորեն, նստել, երկար մտածել են, թե ինչպես փրփուրներից կախվեն ու մի փրկօղակ գտնեն, և «էվրիկա՜», գտել են գերանհեթեթ մի պնդում՝ ԲՀԿ–ից դուք լսե՞լ եք, որ մերժեն 12 կետերի շուրջ բանակցությունները։
«Մենք ո՛չ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ո՛չ Ռուբիկ Հակոբյանին. ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիքն արտահայտող ներկայացուցիչներն են։ Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` «Բարգավաճ Հայաստանից» դուք տեղյա՞կ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք»,–դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ա՜յ քեզ մտքի թռիչք։ Նախ՝ իշխանությունն ինքն էլ շատ լավ գիտի, որ «գյալաջին» մերժելու և իմիտացիա համարելու մասին հայտարարությունը ոչիշխանական «եռյակի» համատեղ նիստից հետո Լևոն Զուրաբյանն արել է հենց «եռյակի՛» անունից։ Ավելին, որոշ «չհասկացողների» համար Լ. Զուրաբյանը հատուկ շեշետեց, որ այդ հայտարարությունը լիազորված է անել «եռյակի՛» անունից։ Իսկ «եռյակի» ուժերից մեկն էլ, բոլորը շատ լավ գիտեն, ԲՀԿ–ն է։ Հետևաբար, երբ «եռյակի» անունից հայտարարություն է հնչում, բնականաբար, դա նաև ԲՀԿ–ի՛ պաշտոնական և այդ կուսակցության նախագահի հետ համաձայնեցված դիրքորոշումն է։
Թե այս ամենից հետո ի՞նչ անհեթեթություններ կմոգոնի ՀՀԿ ղեկավարությունը և հնչեցնել կտա Շարմազանովի շուրթերով, արդեն իսկ պարզ է՝ ինչ սրտի մխիթարանք է։
Ակնհայտ է նաև, որ նմանօրինակ աբսուրդային հայտարարությամբ իշխանությունը մի կես օրվա կյանք ունեցող բանսարկության ու մուտիլովկայի թեմա է տալիս «անկախ» մամուլին։ Այսինքն, պաշտոնյաներն արդեն անձա՛մբ են դարձել «երկխոսական մուտիլովկայի» և «անկախ» մամուլի համար «թամաշա» ապահովողներ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը