Քաղաքական

20.11.2014 14:08


Կառավարության օրինագծին դեմ քվեարկած ՀՀԿ–ականը Գարեգին Նուշիկյանն է

Կառավարության օրինագծին դեմ քվեարկած ՀՀԿ–ականը Գարեգին Նուշիկյանն է

Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում այսօր չի ընդունվել Կառավարության ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկությանը մասնակցել էր միայն ՀՀԿ–ն, և օրինագիծը մերժվել էր 57 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկած մեկ պատգամավորն էլ ՀՀԿ–ական Գարեգին Նուշիկյանն է։

ՀՀԿ խմբակցությունը, սակայն, նրան չի պատրաստվում այս քվեարկության համար նախատել։ Համենայնդեպս, «7օր»–ի հետ զրույցում այդպես է պնդել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

–Այս օրենքի հետ կապված քաղաքական որոշում չի եղել։ Օրինակ՝ բյուջեի հետ կապված՝ մենք ունենք քաղաքական որոշում, կարող եք նայել՝ քաղաքական որոշումից հետո դեմ քվեարկողներ կլինեն, թե ոչ։ Բայց կան օրենքներ, որոնց հետ կապված քաղաքական որոշում չենք կայացնում, և քննարկման փուլ ենք ծավալում,–ասել է Վ. Բաղդասարյանը։

Նա նաև միանգամայն նորմալ է համարում, որ Կառավարության ներկայացրած և քաղաքական մեծամասնության հավանությանն արժանացած օրինագիծը չի ընդունվել։ «7օր»–ի դիտարկմանը, որ նախկինում նման դեպքերը ՀՀԿ–ն ամենևին էլ նորմալ չէր համարում, ավելին՝ «թասիբի հարց» էր համարում օրենքների ընդունման չտապալումը, Վ. Բաղդասարյանը հակադարձել է.

–Ես խնդրում եմ օրենսդիր մարմինը տղայական, թասիբական բաներից ձեռնպահ պահել։ Ես չեմ ուզում, որ այդ հարաբերությունները լինեն «թասիբ», «եթե մենք ենք ասում, ուրեմն էդպես պետք է լինի»։

Այս օրինագծի հետ կապված՝ պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը